«Իմ քայլի» պատգամավորը հանրաքվեն չեղարկելու հնարավորություն տվող նախագիծ է ներկայացնելու

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, արխիվ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Պետաիրավական հանձնաժողովում քննարկման է ներկայացնելու նախագիծ, որը հնարավորություն կտա արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցում ենթադրող հանրաքվեն:

«Ռազմական դրության կամ արտակարգ դրության ժամանակ, եթե մինչ այդ հանրաքվե է եղել նշանակված, ըստ էության, խորհրդարանը հնարավորություն է ունենում ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում իր որոշումը ուժը կորցրած ճանաչելու: Սա ինքնին բխում է Սահմանադրության պահանջներից, որովհետև Սահմանադրությամբ խորհրդարանը կարող է որոշումներ կայացնել: Այդ որոշումները, ինչպես ինքը կայացնում է, այնպես էլ կարող է ուժը կորցրած ճանաչել», - ասաց Հովակիմյանը:

Դեռ մարտի 31-ին պատգամավորը շրջանառության մեջ էր դրել նախագիծ, որը կարգավորումներ էր սահմանում արտակարգ դրության ավարտին հանրաքվեն կազմակերպելու գործընթացում: Քանի որ, ինչպես Հովակիմյանն է պնդում, հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում բաց կա։ Սահմանված է միայն, որ արտակարգ դրության ավարտից հետո նախագահը երեք օրվա ընթացքում հանրաքվեի նոր օր է նշանակում՝ ոչ շուտ քան 50, ոչ ուշ քան 65 օրվա ընթացքում, բայց թե ինչպես է դա արվելու, օրենքում չկա:

«Ուղղակի ժամանակին, որ գրվել է օրենքը, իմ տպավորությամբ, ուղղակի չեն պատկերացնում, որ հնարավոր է նման իրավիճակ լինի, ուղղակի չեն պատկերացրել: Նման իրավիճակը իրենց ֆանտաստիկ կնոյից է երևի թվացել», - նշեց պատգամավորը:

Նախագիծը կառավարության գործընկերների հետ քննարկելուց հետո Հովակիմյանը այն լրամշակել է և շրջանառության մեջ կդնի փաթեթ, որտեղ փոփոխություններ են նախատեսվում նաև ԱԺ կանոնակարգ օրենքում և ՍԴ մասին օրենքում: Առանց այդ փոփոխությունների գործող օրենսդրությունը որևէ հնարավորություն չի տալիս չեղարկելու արդեն նշանակված հանրաքվեն։

«Չեղարկումը նույն ընթացակարգով պետք է լինի, ինչպես որոշման ընդունումը, որովհետև այստեղ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը հստակ է՝ ասում է՝ իրավաստեղծ է: Այսինքն՝ այս դեպքում նախաձեռնության հեղինակները եղե՞լ են առնվազն մեկ քառորդը պատգամավորները, ուրեմն էդ մեկ քառորդը պետք է մի հատ էլ հակառակ որոշում կարողանա նախաձեռնի», - ասաց Վահագն Հովակիմյանը:

Հանրաքվե չիրականացնելու մտադրության մասին իշխանությունները խոսել էին նաև ավելի վաղ՝ հիմնավորմամբ, թե կորոնավիրուսի համաճարակը դեռ երկար ժամանակ չի անցնի, իսկ Սահմանադրական ճգնաժամը պետք է հանգուցալուծել հնարավորինս արագ։

Հանրաքվեն չեղարկելուց հետո ի՞նչ ճանապարհով են շարունակելու սահմանադրական փոփոխությունները, հանրաքվեի դնելու որոշման նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը դեռ վաղ է համարում ասելը: Հորդորում է սպասել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, որին խորհրդատվության համար դիմել են Հայաստանի իշխանությունները։

«Առաջարկի էությունը ճգնաժամի լուծման, որպեսզի Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը դարձվի համահունչ Սահմանադրության 7-րդ գլխին: Այլ կերպ ասած՝ այնտեղ լինեն բացառապես անդամներ և դատավորներ, որոնք 12 տարուց պակաս են պաշտոնավարել, չլինի որևէ անդամ կամ դատավոր, ով 12 տարուց ավելի է պաշտոնավարել և նաև ևս մեկ խնդիր, որպեսզի Սահմանադրական դատարանն ինքն ընտրի նախագահ վեց տարի ժամկետով», - ընդգծեց Վահագն Հովակիմյանը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Հովակիմյանի նախագիծը դեռ չի ստացել և գործընթացի իրավաչափության վերաբերյալ գնահատական տալ չի կարող: Բայց հիշեցնում է՝ իշխանությունները դարձյալ վերադառնում են այն տարբերակին, ինչը ժամանակին առաջարկում էր ընդդիմությունը՝ հարցը լուծել ԱԺ-ի լիազորությունների շրջանակում:

«Մեր գործընկերները ի պատասխան մեր այն պնդումներին, որ Ազգային ժողովում սա հնարավոր է անել, այս նուն ամբիոնից հայտարարում էին, որ դա անհնար է անել Ազգային ժողովի ներսում: Հիմա ես ուզում եմ հասկանամ՝ իրենք էն ժամանակ անհնար համարում էին, հիմա հնարավո՞ր են համարում, որովհետև անգամ իրավաբանական եզրակացություններ էր հնչում այդ ամբիոնից, որ 213-րդ հոդվածը հնարավոր չէ Ազգային ժողովով փոփոխության ենթարկել», - նշեց Տարոն Սիմոնյանը:

ԼՀԿ պատգամավորը կարծում է՝ իշխանություններն այս ճանապարհով գնում են ոչ միայն համաճարակի պատճառով, այլ նաև մտավախություն ունեն, որ հանրաքվեում «Այո»-ի կողմը բավարար ձայներ չի ստանա։

«Այստեղ սոցիումը արդեն կամ չէր գնալու քվեարկության, որովհետև դա անկարևոր հարց էր համարելու, կամ էլ գնալու էր իր բացասական դիրքորոշումն էր հայտնելու, և սրա արդեն սոցիալական վիճակագրությունը կարծում եմ՝ իշխանությունը ունի և նաև այս պատճառով էր, որ հրաժարվեց հանրաքվեի գաղափարից», - ասաց Սիմոնյանը:

ԲՀԿ-ից դեռ չեն ցանկանում մեկնաբանել հանրաքվեի հնարավոր չեղարկման վերաբերյալ իշխանությունների հայտարարությունները:

Հովակիմյանի նախագիծը Պետաիրավական հանձնաժողովում քննարկելուց հետո երկու ընթերցում պետք է անցնի լիագումար նիստում: Այնուհետև օրենքի ուժ ստանա նախագահի ստորագրությամբ, որից հետո նոր միայն պատգմավորները կարող են հանդես գալ հանրաքվեն չեղարկելու մասին նախաձեռնությամբ։