Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պարզաբանում է տարածել Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ վճռաբեկ դատարանը «ԱՐԴ/0176/01/11 գործով դեռևս 2012 թվականին ընդունած նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելով, որպիսի պայմաններում մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ և հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության: Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները, եկել է այն եզրահանգման, որ ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում բացակայում է Քրեական օրենսգրքի 118-րդ կամ որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմը»:
ՀՔԾ-ն որոշումը սահմանված կարգով ուղարկել է կողմերին, որոնց պարզաբանվել է այն բողոքարկելու իրենց իրավունքը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խորհրդարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Ըստ Էդմոն Մարուքյանի` Արտակ Մանուկյանը, ինչպես նաև նույն խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն իրեն հետևից հարվածել են, իմքայլական պատգամավորները չէին ընդունել, որ իրենք հարվածել են Մարուքյանին: