Վարչապետն Արարատի մարզում ծանոթացել է ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագրերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ եղել է Արարտի մարզի մի քանի համայնքներում, ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, զրուցել համայնքների բնակիչների հետ՝ ծանոթանալով նրանց խնդիրներին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Ազատավան համայնքում, որտեղ վարչապետը ծանոթացել է նոր հիմնված ինտենսիվ այգում իրականացված աշխատանքներին: Այգու սեփականատերը նշել է, որ այն հիմնել է՝ օգտվելով կառավարության՝ առանց տոկոսի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցառումից։

12 հեկտար այգում տնկվել են հատուկ սորտի տանձերի և կեռասի ծառեր, որոնք ներկրվել են Հոլանդիայից և Իտալիայից: Գյուղատնտեսը նաև նշել է, որ այգու պահպանման համար աշխատում է 12 մարդ, իսկ բերքահավաքի ժամանակ աշխատատեղերի թիվը կհասցվի 50-ի: Այգում տեղադրված կարկտապաշտպան ցանցերի մի մասը ներկրվել է Իտալիայից, իսկ մյուս մասը՝ հայաստանյան արտադրանք է: