Չեխիայի Սենատի որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման գործում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Չեխիայի խորհրդարանի Սենատի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, որով նաև դատապարտվում են երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:

ԱԳՆ տարածած հայտարարությունում ասված է՝ Չեխիայի Սենատի միաձայն որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի հարգման գործում: Այն նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևոր ուղերձ է:

Չեխիայի Սենատը մայիսի 20-ին է ընդունել է փոխնախագահ Միլան Շտյեխի ներկայացրած բանաձևը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը հայտնում է, որ Միլան Շտյեխը դեռևս 2019-ի մայիսի 6-ին Հայաստան կատարած այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ընդունելության ժամանակ էր շեշտել, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումն իրենց օրակարգում է:

«Ես վստահ եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն է», - իր խոսքում նշել էր Միլան Շտյեխը` հավաստիացնելով, որ ջանքեր է գործադրելու` այդ փաստը Չեխիայի Սենատի կողմից ևս ընդունելու ուղղությամբ:

Հայաստանի խորհրդարանի լրատվականի հաղորդագրությունում ասված է. «Հայ ժողովուրդն իր երախտագիտությունն է հայտնում բանաձևի հեղինակ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի տեղակալ Միլան Շտյեխին, Հայոց ցեղասպանության հարցի բարձրաձայնման եւ դատապարտման նվիրյալ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկային, բոլոր պատգամավորներին և չեխ ժողովրդին»։