ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ-ում Հայաստանին տրամադրված մաքսային արտոնությունը երկարաձգելու օրինագծին

Հաջորդ շաբաթ մեկնարկող Ազգային ժողովի նիստում պատգամավորները Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող միանգամից երկու նախագիծ կքննարկեն։ Այսօր այդ նախագծերը դրական եզրակացություն ստացան Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում։

Օրինագծերից մեկով մաքսատուրքերի 5-ամյա արտոնությունները, որ 2015 թվակականից գործում էին Հայաստանի և Ղրղըզստանի համար և ավարտվել էին այս տարվա հունվարի 1-ին, կերկարաձգվեն ևս մեկ տարով։ Մաքսատուրքի արտոնություններից դուրս են մնում ավտոմեքենաները, սակայն, ինչպես փոխանցեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան»), բացի տրանսպորտային միջոցներից, 600-ից ավելի հիմնական ապրանքների մաքսատուրքերը կնվազեն։

Մելքումյանը նշեց, որ այս փոփոխությունը ազդեցություն կունենա գնաճը մեղմելու վրա․ - «Մոտ 647 ապրանքներ են՝ կարագ, միս, տարբեր կարևոր սննդային ապրանքներ, որոնք որ մոտ 30 միլիոն դոլարի խնայողություն կբերի մեկ տարվա ընթացքում մեր ժողովրդին։ Սա մեկ։ Գնաճի վրա կունենա որոշակի ազդեցություն, տարբեր թվեր կան՝ սկսած կես տոկոսից մինչև երեք տոկոս գնաճը կմեղմանա»։

Հայաստանին ԵԱՏՄ-ի ընդհանուր մաքսային կաթսայից հասնող գումարը, որ 1,11 տոկոսից բարձրացել ու հասել է 1,22-ի, կպահպանվի։

Հանձնաժողովի անդամ Արմեն Փամբուխչյան («Իմ քայլը»)․ - «Մեր ընդհանուր կաթսայից օգտվելու դրույքաչափը չի փոփոխվում, այսինքն նախկինում եղել է 1,11 տոկոս, և Հայաստանին տրվել է քիչ, որովհետև մենք ունեցել ենք արտոնյալ ժամանակահատված։ Սակայն նախորդ տարվանից, երբ արդեն մոտենում էր այդ արտոնյալ ժամանակահատվածի ավարտը, մեր դորւյքաչափը դարձել է 1,22, և այս որոշումը, որը մենք ընդունում ենք և մեկ տարի երկարացնում ենք, դա չի ազդում մեր դրույքաչափի վրա։ Այսինքն՝ Հայաստանի բյուջեն ԵԱՏՄ ընդհանուր մաքսային կառույցի կաթսայից կշարունակի վերադառնալ 1,22 տոկոսը»։

Փոփոխությունները առաջարկվեն են դեռ 2019 թվականի դեկտեմբերին Սանտկ Պետերբուրգում ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Դրանք հաստատվելու դեպքում ավելի ցածր մաքսատուրքերը կհաշվարկվեն այս տարվա հունվարի 1-ից, հայտարարում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, այսինքն այն գործարարների համար, որ հունվարից ավելի բարձր մաքսատուրք են վճարել, վերահաշվարկ կիրականացվի․ - «Ուժի մեջ մտնելուց հետո դրանք տարածվելու են հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։ Այս պահին մենք շարունակում ենք մեր ներքին քննարկումները, որ հասկանանք ինչպիսի մեխանիզմ պետք է կիրառենք հունվարի 1-ից մինչև այս պահը հնարավոր այս ապրանքատեսակների մաքսով ներմուծումները երրորդ երկրներից․․․ այդ տարբերությունները հասկանալու և մեխանիզմները հասկանալու համար»։

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում որոշում էր կայացվել 3-6 ամսով զրոյացնել դեղամիջոցների ու առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների մաքսատուրքերը, համաձայնագրում առաջարկվող փոփոխությունները զրոյացման վրա չեն ազդում։

«Այս պահին շարունակում ենք քննարկումները արդեն պոստկովիդ ինչպիսի զարգացումներ կարող են լինել և՛ տնտեսության աշխուժացման համար, և՛ նաև օժանդակության ձևաչափով», - նշեց փոխնախարարը։

Մեկ այլ նախագծով առաջարկվում է Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում ապրանքների հետագծելիության մեխանիզիզմ ներդնել, այսինքն՝ էլեկտրոնային եղանակով հետևել բեռների տեղաշարժին, վերահսկել գործընթացը։ Սա թույլ կտա ժամանակ խնայել սահմանին։ Հայաստանը այս մեխանիզմը ներդրելուն ամենապատրաստ երկիրն է, մյուսները ավելի շատ աշխատանք ունեն անելու, ու դեռևս հայտնի չէ, թե քանի տարի անց հայկական բեռնատարները կարող են էլեկտրոնային կապարակնքնմամբ, առանց հավելյալ ստուգումների և սահմանին օրեր կորցնելու, հասնել նախանշված վայրեր։

«Այստեղ պետք է երաշխիքներ լինեն։ Որովհետև էլեկտրոնային կապարակնքվում է, ասենք․․․ մեր երկրի տիրույթից դուրս եկավ, մինչև վերջ պիտի գնա առանց բացվելու՝ անկախ ամեն ինչից», - պարզաբանեց Միքայել Մելքումյանը։