Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին ու նրա որդուն որպես մեղադրյալ քրեական գործում ներգրավելու որոշում է կայացվել։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Հայրապետյանի կազմակերպմամբ իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարն ազատությունից ապօրինի զրկվել ու շուրջ 22 օր պահվել է «Հարսնաքարում»՝ ենթարկվելով ծեծի ու նվաստացումների։
Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը հարցազրույցից հրաժարվեց՝ խորհուրդ տալով կարդալ իր ֆեյսբուքյան գրառումներին։ Ֆեյսբուքի իր էջում փաստաբանը նշել է․ - «Գործում փաստական տվյալների նշույլ անգամ չկա, որ Ռուբեն Հայրապետյանը կազմակերպել է «Հարսնաքար» համալիրում Հայկ Շահնազարյանի կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկելը, կամ նրան ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը և այլն։ Թե առանց փաստերի Քննչական կոմիտեն ինչու է այսպիսի ձևակերպումներով հաղորդագրություն տարածել, դժվար չէ կռահել։ Ասելը մի բան է, հիմնավորելը՝ այլ։ Գեղարվեստական ձևակերպումներով քրեադատավարական ֆիլմի շարունակությունը կներկայացնեմ հաջորդիվ»։
Ըստ պաշտոնական վարկածի, Սևանում գործող «Հարսնաքար»-ի աշխատակիցը հինգ տարի առաջ Հայրապետյանների ընտանիքին պատկանող բանկից 52 միլիոն դրամ վարկ է ստացել, որի մի մասն օգտագործել է համալիրի գործունեությունն ապահովելու համար, իսկ մնացած 30 միլիոն դրամով սեփական տաքսի ծառայություն է հիմնել։ Նա պատշաճ կատարել է վարկային պարտավորությունները, սակայն չի ունեցել համալիրի սեփականատերերի թույլտվությունը։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ այդ 52 միլիոն դրամը ստանալու նպատակով, ի թիվս այլ գործողությունների, Ռուբեն Հայրապետյանը, հայհոյանքներ տալով էլեկտրաշոկերով հարվածել է իր աշխատակցի այտին՝ պահանջելով գումարը։ Բացի այդ, Հայրապետյանի որդին ստիպել է «Հարսնաքար» կանչել աշխատակցի մորը, քրոջը, տատին, ընկերուհուն, ընկերներին, որոնց ներկայությամբ ճնշումների է ենթարկել։
Հայրապետյանի, նրա որդու և հարուցված քրեական գործով անցնող ևս երկու անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններն ուղարկվել են դատարան։
Մոսկվայում գտնվող Ռուբեն Հայրապետյանը զանգահարել է քննիչին ու հայտնել, թե ցանկանում է վերադառնալ, բայց քանի որ կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների շրջանակներում թռիչք չկա, չի կարող։
Քննչական կոմիտեն դիմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն ու խնդրել է աջակցել Հայրապետյանին վերադառնալու հարցում։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել՝ ասելով, որ Հայրապետյանի կողմից դիմելու դեպքում կկազմակերպի նրա վերադարձը մայիսի 25-ի Մոսկվա - Երևան չվերթով։
Քրեական տարբեր հոդվածներով անցնող շուրջ մեկ տասնյակ նախկին պաշտոնյաներ հեղափոխությունից հետո անցած երկու տարվա ընթացքում հասցրել են լքել երկիրը։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հեղափոխությունից ի վեր կրկնում է, որ իրավապահները ժամանակին ու պատշաճ կերպ չեն արձագանքել նախկին պաշտոնյաներից որևէ մեկի անվան հետ կապվող հանցագործություններին։ Իրավապաշտպանն այստեղ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում․ - «Քրեական գործի բովանդակության մասին որևէ մեկս չունենք տեղեկատվություն, որովհետև ընթացակարգն է այդպիսին։ Մանրամասների մասին տեղեկություն ունեն, մասնավորապես՝ ում պիտի առաջադրվի մեղադրանք, երբ պիտի առաջադրվի մեղադրանք, երբ կալանքի միջնորդությունը, գիտի ընդամենը երկու մարմին․ դա քննական մարմիններն են և դատախազությունը։ Հետևաբար ես բոլոր հիմքերն ունեմ կասկածելու, որ այդ արտահոսքը պատահական չէ։ Այդ ինֆորմացիայի արտահոսքը կարող է լինել մեծ գործարքի արդյունք։ Հատկապես հաշվի առնելով, որ մեծ մասը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, և մենք տեսնում ենք, որ որևէ մեկին այնտեղից չեն արտահանձնում, ես բոլոր հիմքերն ունեմ պնդելու, որ դա մեծ գործարքի արդյունք է, որը երաշխավորված գործարք է, որ դու գնալու ես այնտեղ, ու այնտեղից քեզ չեն արտահանձնելու»։
Քննչական կոմիտեի հաղորդագրությունում ասված է նաև, որ հինգ տարի առաջ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու հանձնարարությամբ, մի խումբ մարդիկ համալիրի աշխատակցին տեղափոխել են Ոստիկանության հաշվառման և քննական բաժին, նրա անվամբ հաշվառված ավտոմեքենաների առուվաճառքը կատարելու և վարկային կազմակերպություններից վարկեր ստանալու համար։ Այդ ընթացքում կիրառել են հոգեբանական բռնություն, համալիրի աշխատակիցների ներկայությամբ նրան պարտադրել են մաքրություն կատարել տարածքում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, շուրջ մեկ ամիս «Հարսնաքար»-ում փակված Հայկ Շահնազարյանն իր հետ տեղի ունեցածից հետո Հայրապետյաններին է տվել իր ոսկե ապարանջանը, երկու ավտոմեքենա, ընտանիքի անդամները վաճառել են իրենց ոսկյա զարդերը, տաքսի ծառայության ավտոմեքենաները, ընկերը տվել է 48 հազար 300 դոլար և 240 հազար դրամ։ Բացի այդ, Հայկ Շահնազարյանի ընկերուհին նրանց է հանձնել ընկերոջ նվիրած հեռուստացույցն ու 450 հազար դրամ արժողությամբ ոսկյա զարդերը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, հայր ու որդի Հայրապետյանները Շահնազարյանից պահանջել են նաև իրենց հանձնել տատի ապօրինի շինության հանդիսացող առանձնատունը, այն գրանցել են իրենց մտերիմ անձի անունով՝ այդպիսով զրկելով վերջիններիս միակ կացարանից։
Թեև Հայրապետյանների փաստաբանը պնդում է, թե փաստ չկա, որ թվարկվածը Ռուբեն Հայրապետյանն է կազմակերպել, Նինա Կարապետյանցը հիշեցնում է Հայրապետյանի նախկինում արած հայտարարությունները, երբ նա բաց տեքստով ասել էր, որ անհրաժեշտության դեպքում չի խուսափում մարդկանց ծեծով պատժել․ - «Սա կարելի է ընդունել նաև որպես հայտարարություն հանցագործության մասին և դնել նաև այս գործի հիմքում։ Ես չեմ բացառում որպես տարբերակ, որ նման գործողություն կարող էր տեղի ունենալ»։
Իսկ այն, որ Հայրապետյանների փաստաբանը տեղի ունեցածը համարում է փաստերից զուրկ հայտարարություն, Կարապետյանցն ասաց, որ երբ 2015-ին Ամրամ Մակինյանը Ժիրայր Սեֆիլյանի գործով քննչական խմբի ղեկավարն էր, նույն մեղադրանքն էլ նրան էին ուղղում իրավապաշտպանները․ - «Երբ Ամրամ Մակինյանն ա խոսում չհիմնավորված գործերի մասին, դա ցինիզմի գագաթնակետն ա։ Ուզում եմ հիշեցնել, որ Ամրամ Մակինյանը Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով էր, և զրո հիմնավորվածությամբ գործով ինքը ուղարկեց գործը դատարան, և այն ժամանակ այդ քննիչը կարծես թե էդքան էլ չէր սրտնեղում ակնհայտորեն չհիմնավորված գործերից։ Եվ քաղաքական հետապնդում էր նաև»։
Ի դեպ, Հայրապետյանին պատկանող, բայց արդեն Երևանում գործող Հարսնաքար ռեստորանային համալիրում էր 2012 թվականին դաժան ծեծի հետևանքով սպանվել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։ Մեղադրյալի աթոռին նստեցին Հայրապետյանի թիկնապահները, իսկ ինքը հանրային ճնշման տակ վայր դրեց պատգամավորական մանդատը։