Պակիստանում քաղաքացիական օդանավ է կործանվել

Պակիատանում կործանվել է A320 Airbus ուղևորատար օդանավը, Կարաչի, 22-ը մայիսի, 2020թ.

Այսօր Կարաչիի միջազգային օդանավակայանի շրջանին հարող խիտ բնակեցված թաղամասում կործանվել է «Պակիստանի միջազգային ավիագծեր» ընկերության օդանավը:

Ընկերության խոսնակը հաղորդել է, որ A320 Airbus տեսակի օդանավում եղել է 99 ուղևոր և անձնակազմի 8 անդամ:

Դեպքի վայր են մեկնել Պակիստանի բանակի ստորաբաժանումները, արտակարգ իրավիճակների ծառայությունների խմբերը և շրջանի պաշտոնյաները:

«Պակիստանի միջազգային ավիագծեր» ընկերության խոսնակի փոխանցմամբ, աղետից րոպեներ առաջ հրամանատարը հայտնել է տեխնիկական անսարքության մասին, ենթադրվում է, որ օդանավի անիվները չեն բացվել, սակայն ավելի ստույգ տվյալներ դեռևս հայտնի չեն:

Ենթադրվում է, որ ուղևորները և անձնակազմի անդամներն աղետը չեն վերապրել: