ԱՄՆ մի շարք կոնգրեսականների ու վերլուծաբանների մտահոգել է Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու որոշումը

Ռուսական ռազմական օդանավը Բաց երկնքի պայմանագրով վայրէջք է կատարել Բրյուսելի ռազմական օդակայանում, արխիվ

Միացյալ Նահանգները մտադիր է դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից: Վաշինգտոնը հայտարարել է, որ Ռուսաստանը խախտում է 18 տարվա պատմություն ունեցող այդ պայմանագիրը:

ԱՄՆ այդ դիրքորոշման մասին երեկ հայտնել է պետական քարտուղար Մայք Փոմփեոն:

Կոնգրեսում մի շարք օրենսդիրներ, ինչպես նաև մի խումբ ամերիկացի վերլուծաբաններ մտահոգություն են հայտնել՝ ասելով, որ հերթական խոշոր միջազգային պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալը կարող է վնաս հասցնել միջազգային անվտանգությանը, խթանել սպառազինությունների մրցավազքը և ստեղծել ռազմական պատահական բախման առիթներ:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Վաշինգտոնի այդ որոշումն անվանել է «հարված Եվրոպայի անվտանգությանը»:

Բաց երկնքի պայմանագիրն այն ստորագրած պետություններին տալիս է մեկը մյուսի օդային տարածքում վերասկողական թռիչքներ իրականացնելու և ռազմական նշանակության կառույցների տեղադրումները գրանցելու հնարավորություն: