ԿԳ նախկին նախարարին առնչվող քրեական գործը ՀՔԾ-ն հետ է ուղարկել ՔԿ

Կրթության և գիտության նախկին նախարարին առնչվող քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հետ է ուղարկել Քննչական կոմիտե (ՔԿ): Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ՀՔԾ-ում՝ չմանրամասնելով պատճառը:

Մոտ տասն օր առաջ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ է ձեռք բերել, ըստ որոնց՝ պաշտոնավարման ժամանակահատվածում կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն: Փաստի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Քրեական օրենսգրքի նույն՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործին: Հետագա նախաքննությունը շարունակելու համար գործն ուղարկվել էր ՀՔԾ:

«Ազատության» աղբյուրների համաձայն՝ խոսքը Հանրապետական կուսակցության փոխնախագահ, 2009-2016 թվականներին կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանի մասին է:

«Կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը», - Ֆեյսբուքում գրել էր Աշոտյանը: