Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 322-ով, բուժվածներինը՝ 293-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք

Շտապ բուժօգնության ավտոմեքենա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 322-ով՝ հասնելով 5 հազար 928-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 293-ով և հասել 2 հազար 874-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 47 հազար 654 է:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 74-ի, կորոնավիրուսով վարակված ևս 28 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 952 մարդ: