Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորահավորագիր է հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին երդմնակալության արարողության առիթով։

«Մեր ժողովրդին քաջ ծանոթ է Ձեր անձը՝ որպես Արցախի անկախության զորացման և արցախահայության կյանքի զարգացման գործում գովելի ներդրում ունեցող քաղաքական գործիչ։ Դուք ջանք ու նվիրում եք բերել Արցախի ազատագրության պայքարին, արցախահայության նոր կյանքի կառուցմանը` տարիներ շարունակ զբաղեցնելով պատասխանատու բարձր պաշտոններ: Արցախի անկախության տարիներին մեր ժողովուրդը արձանագրել է նշանակալի ձեռքբերումներ և հաղթանակներ, որոնք պիտի բազմապատկվեն` ի նպաստ պետականության զորացման, Արցախի Հանրապետության ճանաչման, որը մեր աշխարհասփյուռ ժողովրդի արդար սպասումն է և շուտով իրագործված տեսնելու ձգտումն ու ակնկալությունը», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է Վեհափառի շնորհավորական նամակում:

Ամենայն Հայոց կաթողիկոսը մաղթել է Արցախի նորընտիր նախագահին, որ նրա փորձառությունը և Արցախի զարգացման ծրագրերը նոր բարի արդյունքներ բերեն հայ ժողովրդի կյանքին` ի խնդիր առկա մարտահրավերների հաղթահարման և երկրի խաղաղության, բարօրության ու առաջընթացի ամրապնդման:

Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը կայացավ այսօր Շուշիում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Արցախի արդեն նախկին նախագահ Բակո Սահակյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների ներկայությամբ։