Կորոնավիրուսից մահվան թվերն ուռճացնելու ձգտման մասին գրող օգտատերերի մեծ մասը ֆեյքեր են

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրականապես հերքում է հանրության շրջանում քննարկվող այն տեղեկությունները, թե Կառավարությունը մարդկանց գումար է տալիս, որպեսզի նրանք համաձայնեն դառնալ կորոնավիրուսով հիվանդ պացիենտ։

Այս մասին վարչապետը հայտարարեց գործադիրի այսօրվ նիստի սկզբում․ - «Կորոնավիրուսի առաջին օրվանից մենք որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չենք հաղորդել: Եվ, ի վերջո, մեր կառավարությունն իր գոյության ողջ ընթացքում որևէ մանիպուլյատիվ գործողություն և տեղեկություն չի փոխանցել հանրությանը»։

Նման տեղեկություններ սկսեցին տարածել ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր։ Այս օրերին «Ազատությունը» փորձեց գնալ այդ գրառումների հետքերով․ մի մասը խոսում էր 150 հազար դրամի մասին, մյուսներն ավելի ցածր թվեր էին նշում։ Ոմանք ասում էին, թե նման առաջարկ արել են դիահերձարանում, մյուսները՝ հիվանդանոցում։

Մեզ հանդիպած այս բոլոր գրառումները կատարվել էին ֆեյք էջերի կողմից, և գտնել, թե իրականում ովքեր են վարում այդ էջերը, հնարավոր չէ։

Սրտի կաթվածից մահացած մարդու հարազատներին 100 հազար դրամ առաջարկելու մասին գրել էր նաև 2018 թվականի օգոստոսին Մասիսի բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնից ազատված Նունե Ներսիսյանը։

«Ազատության» հարցին, թե Կառավարության հերքումներից հետո՞ էլ շարունակում է իր պնդումները, Ներսիսյանը պատասխանեց ոչ թե փաստերով, այլ ռուսերեն ասացվածքով՝ նետ դիմա բեզ օգնյա (առանց կրակ ծուխ չի լինում)։

Նա ակտիվորեն տարածում է կորոնավիրուսի կեղծ լինելու մասին թեզը, քննադատում է իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։ Նա ասում է, թե գումարի դիմաց կորոնավիրուսի ախտորոշում տալու առաջարկի մասին իրեն ասել է ոմն Էլմիրա Այվազյան։

«Ազատության» նամակին ի պատասխան Այվազյանը գրեց, թե սխալ ենք հասկացել։ Առաջարկել են ոչ թե իրեն, այլ իր ծանոթ աղջկա բարեկամի հարևանին, ում կոնտակները փոխանցել չեն կարող, անուն-ազգանունը ասել չեն կարող, և, ինչն առավել զարմանալի է, նման առաջարկ հնչեցրած անձի տվյալները փոխանցել ևս չեն կարող։

Օրեր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, այս հարցով պետք է զբաղվեն իրավապահները, քանի որ նման կեղծ լուրերը ազգային անվտանգության խնդիր են առաջացնում։

Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ փաստաբան Դավիթ Հունանյանից հաղորդում են ստացել Նունե Ներսիսյանի գրառման առնչությամբ և ուղարկել են Ոստիկանություն։ Իսկ Ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ այս պահին դեռ ուսումնասիրության փուլում է։

Զուգահեռ Նունե Ներսիսյանի դեմ դատական հայց է ներկայացրել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պահանջելով հերքել հրապարակային զրպարտությունը։

«Էդ տեղեկատվությունը մենակ ես չեմ տարածել, տարածողները բավականին շատ են։ Չգիտեմ ինչու եմ Արսեն Թորոսյանի կողմից հենց ես թիրախավորված», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Ներսիսյանը։

Դիտարկմանը, թե մնացածներ ֆեյք օգտատերեր են, հակադարձեց․ - «Ֆեյք օգտատերեր չեն, կան բավականին։ Ես ինքս էլ եմ նայում, հետևում․․․ Բավականին շատ են»։

Արդեն նշել ենք, որ այդ բոլոր օգտատերերին «Ազատությունը» նամակներ է գրել, բայց նրանցից ոչ մեկը չի կարողացել փոխանցել այդպիսի առաջարկ հնչեցրած կամ ստացած որևէ անձի տվյալ։

Որտե՞ղ է տրամաբանությունը։ Ինչո՞ւ են իշխանությունները շահագրգռված կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի ավելի մեծ թվեր ցույց տալու հարցում, եթե այդպիսով նաև իրենք են քննադատության թիրախ դառնում, թեկուզ այն մասով, որ բավարար ջանք չեն գործադրել վիրուսի տարածումը կանխելու համար։

Այս հարցի պատասխանը նման պնդումների հեղինակներն այսպես են ձևակերպում՝ միջազգային կազմակերպությունները կորոնավիրուսի դեմ պայքարի ֆինանսավորում տրամադրում են մահացած մարդկանց թվաքանակով։ Միջազգային կազմակերպություններից և ոչ մեկի ֆինանսավորման մեխանիզմի հիմքում նման ցուցանիշ դրված չէ․ սա հաստատում են նաև Առողջապահության նախարարությունից։