ԱՄՆ-ի Սենատում և Ուկրաինայի Գերագույն ռադայում գրեթե միաժամանակ սկսել են ուսումնասիրել Ուկրաինայի հետ կապված Բայդենների գործունեությունը:
Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ դեմոկրատ Ջո Բայդենն այս տարի աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի մրցակիցն է:
Սենատի ներքին անվտանգության և կառավարման հարցերով հանձնաժողովը երեկ որոշել է դատական կարգով փաստաթղթեր պահանջել Blue Star Strategies լոբբիստական ընկերության և ուկրաինական «Բուրսիմա» ընկերության համագործակցության վերաբերյալ: Ուկրաինական այդ ընկերությունը կապված է նախկին փոխնախագահի որդու՝ Հանթեր Բայդենի բիզնես գործունեության հետ: Սենատում մեծամասնություն ունեն հանրապետականները: Հանձնաժողովում դեմոկրատները բանաձևին դեմ են քվեարկել, հանրապետականները՝ կողմ, որոշումն ընդունվել է:
Հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնն ասել է, թե հանձնաժողովը նպատակ չունի ազդելու նախագահական ընտրությունների քարոզարշավի վրա: Հանրապետական մեկ այլ սենատոր Ռիկ Սքոթն ասել է, թե «Բուրսիմա» ընկերության հետ Բայդենի հարաբերությունների ճշմարտությունը պարզելու կարիք կա, և այս լսումները Սենատին կներկայացնեն ամբողջական պատկերը:
Բայդենի քարոզարշավի խոսնակ Էնդրյու Բեյթսը նշել է, թե սենատոր Ջոնսոնը կատարում է Թրամփի քաղաքական պատվերը:
Դեմոկրատները հայտարարել են, որ Բայդենի և նրա որդու դեմ հանրապետականների հետաքննությունը կօգնի Ռուսաստանի ապատեղեկատվական արշավին՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ընդառաջ:
Ուկրաինայի Գերագույն ռադայում իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցությունը խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնություն է ցուցաբերել՝ ուսումնասիրելու Ջո Բայդենի ճնշումների փորձերը Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի վրա:
Անկախ պատգամավոր Անդրեյ Դերկաչը, որը նախկին ռուսամետ նախագահ Յանուկովիչի ժամանակ նրա «Ռեգիոնների կուսակցության» խմբակցությունից էր, մայիսի 19-ին մամուլի ասուլիսում ներկայացրել է հեռախոսազրույցների ձայնագրություններ: Պատգամավորի ասելով՝ ձայնագրությունները վկայում են, որ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, նախկին պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ քննարկում են Ուկրաինայի ներքին գործերին առնչվող հարցեր: Պատգամավորը դա համարել է միջազգային կոռուպցիա և Պորոշենկոյին մեղադրել է պետական դավաճանության մեջ:
Ձայնագրությունների համաձայն, նախկին փոխնախագահ Բայդենը խոստացել է ամերիկյան կողմի աջակցությունը Միջազգային արժույթի հիմնադրամից մեկ միլիարդ դոլարի վարկ ստանալ, բայց պայմանով, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը փոխվի՝ Պորոշենկոն նոր գլխավոր դատախազ նշանակի: Այն ժամանակ գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հետաքննում էր էներգետիկ «Բուրսիմա» ընկերության կոռուպցիոն գործը, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահի որդին՝ Հանթեր Բայդենը այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ էր:
Անդրեյ Դերկաչի ներկայացրած հեռախոսազրույցների իսկությունը պաշտոնապես հաստատված չէ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկվա ասուլիսում ասել է, որ պատգամավորի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել:
«Վաշինգտոն փոստ»-ը գրել է, որ Անդրեյ Դերկաչի ներկայացրած ձայնագրություններում որևէ ապացույց չկա, թե նախկին փոխնախագահ Ջո Բայդենը փորձել է հասնել Գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնանկությանը իր որդու հեղինակությունը փրկելու համար:
Ամերիկյան պարբերականը նշում է, որ Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչը Մոսկվայում սովորել է Ձերժինսկու անվան ԿԳԲ-ի դպրոցում, որն ավարտել է 1993 թվականին: 1993-ին այդ հաստատությունն արդեն կոչվում էր ՌԴ Անվտանգության նախարարության ակադեմիա:
Այս տարվա աշնանը կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի նախընտրական շտաբը հայտարարել է, որ հրապարակած ձայնագրությունները Բայդենին վարկաբեկելու նպատակով Ռուսաստանի շարունակվող ջանքերն են: Բայդենի մամուլի խոսնակ Էնդրյու Բեյթսն ասել է, որ ձայնագրությունները մոնտաժված են և որևէ արժեք չունեն:
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն հիմա պատգամավոր է: Նրա կուսակցությունը հայտարարել է, որ ձայնագրությունների հատվածների հրապարակումը նպատակ ունի վարկաբեկել երկիրը և Ուկրաինային արհեստականորեն ներքաշել ամերիկյան ընտրապայքարի մեջ:
Երեկ երեկոյան տեսաուղերձով հանդես է եկել նաև Պորոշենկոն: Ձայնագրությունների հրապարակումը նա համարել է լայնածավալ հատուկ գործողություն Ուկրաինայի դեմ, որը ձեռնարկել է Կրեմլի 5-րդ շարասյունը՝ ստվերելու Ուկրաինա-ԱՄՆ հարաբերությունները: Ձայնագրությունները նա սարքած է համարել, բայց նշել է, որ դրա հումքը հնարավոր է՝ ստացվել է ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակից:
Անցյալ տարի ԱՄՆ-ի ներկայացուցիչների տունը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, իմփիչմենթ հայտնեց նախագահ Դոնալդ Թրամփին, որի հիմքում ընկած էին նրա ճնշումների փորձերը Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա, որպեսզի Ուկրաինայում հետաքննեն Բայդենների գործունեությունը:
Դեմոկրատները պնդում էին, որ Թրամփը փորձել է վարկաբեկել 2020-ի ընտրություններում իր հավական մրցակից Ջո Բայդենին: Իմփիչմենթը տապալվեց, Սենատի դատաքննությունը այն չհաստատեց: