Շարքային Հենրիկ Արամյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ

Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ն: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ 20-ամյա զինծառայող Հենրիկ Արամյանը գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել երեկ երեկոյան, Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: