Գործարարը պնդում է, թե ստիպված է խախտել օրենքը, որպեսզի չկորցնի հաճախորդներին

Վանաձորցի գործարարներ հայր ու որդի Քամայլանները

10 տարի Վանաձորում պենոպլաստի արտադրությամբ զբաղվող «Սոնատ» ընկերությունը մտադիր է դատի տալ Պետեկամուտների կոմիտեին։ Վերջին մեկ տարվա ընթացքում հարկային մարմինները երկու անգամ տուգանել են ընկերությանը․ առաջին անգամ 200 հազար, երկրորդ անգամ՝ կես միլիոն դրամի չափով։

Հարկային տեսուչներն արձանագրել են, որ «Սոնատ» ընկերությունը խախտել է հարկային օրենսդրության պահանջները՝ առանց հաշիվ-ապրանքագրի իրավաբանական անձ հանդիսացող ընկերությանը 40 հազար դրամի փրփրապլաստ է վաճառել։

«Սոնատ»-ի սեփականատերեր հայր և որդի Քամալյանները համաձայն չեն տուգանքի մասին որոշման հետ։

«Ինքը օֆիսի պատերը պետք ա ուտիպլիտ աներ։ Դա նենց չի, որ պետք ա վերավաճառեր, եսիմ ինչ աներ», - ասաց հայր Քամալյանը։

Որդին հավելեց․ - «ՀԴՄ կտրոնը ցույց տվեցինք, որ տպվել ա ճիշտ ժամանակին, ճիշտ գումարային չափը, բայց ասեցին՝ դա օրենքի խախտում է, ու տուգանեցին»։

Ըստ օրենսդրության, տարեկան մոտ 36 միլիոն դրամի շրջանառություն ունեցող «Սոնատ» ընկերությունն իրավունք չուներ անհատ ձեռներեցին ապրանք վաճառել առանց առևտուրը փաստաթղթավորելու։

Մոտ մեկ տարի առաջ Պետեկամուտների կոմիտեի կազմած վարչական ակտում նշված է, որ «ՀԴՄ կտրոնները չեն կարող համարվել «Սոնատ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ապրանքի մատակարարումը հիմնավորող պատշաճ փաստաթուղթ»։

Մինչդեռ Մհեր Քամալյանը հակադարձում է՝ ինքը կարող էր չիմանալ՝ գնորդը իրավաբանակա՞ն, թե՞ ֆիզիկական անձ է․ - «Օրինակ, էսօր 2-3 անգամ էղել ա, հաճախորդն էկել ա, 5 հազար դրամի ապրանք ա ուզել, մեկը 2 հազար դրամի ա ուզել, էս մոտավոր թվեր եմ ասում․․․ ես ո՞նց կարամ ամեն հաճախորդի ասեմ՝ ախպեր ջան, պասպորտիդ տվյալները տուր, էս տուր, էն տուր, հասցեդ տուր․․․»

Գործարարը հարց է բարձրացնում՝ օրինապահ արտադրող են, երբեք չեն թաքցնում եկամուտները, բայց պատվիրատու չկորցնելու համար հաճախ ստիպված են լինում օրենք խախտել։

Ընդ որում, ըստ Քամալյանի, սա համընդհանուր խնդիր է բոլոր արտադրողների համար։ Թեև հարկային մարմինների ստուգումները վերջին շրջանում ավելի են խստացել, բայց իրենցից գնումներ կատարող ոչ բոլոր ընկերություններն են նախընտրում փաստաթղթավորել իրենց առևտուրը՝ խուսափելով հարկային բեռից․ - «Հենց իրավաբանական անձինք են, որ ասում են՝ ձեզնից չվերցնենք, մեկ ուրիշից կվերցնենք, որը ֆակտուրա, հաշիվ չի դուրս գրում։ Մենք ստիպված ենք լինում հաճախորդ չկորցնելու համար օրենքը խախտել»։

Քամալյանները շեշտում են, որ գնորդին թե՛ հաշիվ-ապրանքագիր և թե՛ ՀԴՄ կտրոն տրամադրելու դեպքում իրենք նույն հարկային պարտավորություններն ունեն, այսինքն՝ հաշիվ-ապրանքագիր չտրամադրելու դեպքում իրենք չեն շահում։ Առանց փաստաթղթավորելու գնումը կարող է ձեռնտու լինել միայն գնորդին՝ հարկային ավելի քիչ վճարումներ կատարելու համար։

Մհեր Քամալյանն օրինաչափ չի համարում, որ օրենսդրությամբ առուվաճառքը փաստաթղթավորելու պարտավորությունը դրված է վաճառողի, ոչ թե գնորդի վրա։ Այս դեպքում առանց փաստաթղթի գնում կատարած ընկերությունը չի տուգանվում․ - «Սա համատարած պրոբլեմ ա։ Շատ-շատ ձեռնարկություններ, որ զբաղվում են արտադրությամբ, կանգնում են այսպիսի խնդիրների առաջ։ Ուղղակի օրենսդրությունում փոփոխություն անեն, կամ չգիտեմ ինչ անեն՝ էս հարցին լուծում տան»։

Գործարարները բողոքարկել են հարկային մարմինների տուգանքի մասին որոշումը, որը, սակայն, մնացել է անփոփոխ։ Այժմ որոշել են դիմել նաև դատարան՝ պահանջելով չեղարկել 700 հազար դրամի տուգանքը․ - «Շատ վարկեր ունենք հիմնարկ անունով, մեր անունով․․․ Եթե էս վարկերը չլիներ, ես աչքերս չէի էլ ճպպացնի, միանգամից կփակեի հիմնարկությունը, որովհետև էս վիճակում աշխատել հնարավոր չի»։