Զբոսավար Յաշա Սոլոմյանը, ով համավարակի պայմաններում անգամ արշավներ է կազմակերպում, գերմաներենի մասնագետ է։ Նա ենթադրում է, որ առաջիկայում գերմանախոս հյուրեր չի ունենա, ուստի կենտրոնացել է ներքին շուկայի վրա։
Նախորդ տարվա զբաղվածության հետ չի համեմատում, բայցև չի դժգոհում՝ աշխատում են համաճարակի թելադրած կանոններով․ - «Մաքսիմալ փորձում ենք ապահովությանը նախ և առաջ ուշադրություն դարձնել։ Այժմ սկսել ենք կրճատել նստատեղերը տրանսպորտում, որպեսզի սոցիալական հեռավորությունը պահպանվի։ Տրանսպորտն ամեն առավոտ ախտահանվում է»։
Սոլոմոնյանը նաև Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահն է։ Նա տեղեկացրեց, որ այս պահին վաճառքներ են իրականացնում 2020-2021 թվականների համար, սակայն դժվար է ասել, թե ակտիվության ինչ ցուցանիշ կլինի․ - «Եթե Հայաստանն այսօր ունենար զարգացած տուրիզմ նախ և առաջ երիտասարդության համար, միգուցե մեզ համար այսքան ցավալի չէր լինի։ Որովհետև ամեն դեպքում երիտասարդները ճամփորդում են ու կճամփորդեն։ Բայց մեր թիրախային խումբը, ցավոք, գտնվում է ռիսկային գոտում, և իրենք, կարծում եմ, ձեռնպահ կմնան համենայն դեպս մինչև համապատասխան վակցինայի հայտնագործումը»։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ամենառիսկայիններից մեկը համարվող զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները Կառավարությունից տարբերակված մոտեցում է ակնկալում։
«Անռիվա» տուրիստական ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը կանխատեսում է, որ քայլեր չձեռնարկելու դեպքում մեծ կազմակերպությունները կարող են սնանկանալ, իսկ փոքրերը՝ լուծարվել։ Նա առաջարկում է անտոկոս վարկերից օգտվելու հնարավորություն տալ նաև այն ընկերություններին, որոնց շրջանառությունը պակաս է 24 միլիոնից և ավելի՝ 500 միլիոնից։ Այժմ այդ վարկերից կարող են օգտվել 24-500 միլիոն դրամի շրջանառություն ունեցողները․ - «Անտոկոս վարկեր գոնե 2-3 տարով ունենայինք, որ կարողանային ուղղակի ոլորտն ու ուղղությունները պահպանել։ Որովհետև շատերը վարկային միջոցներով դեպոզիտներ են արել, նոր ուղղություններ են ստեղծել, և այս պահին այդ դեպոզիտները հետ կանչել, նշանակում է ընդհանրապես հրաժարվել թռիչքների գաղափարից և ապագայում գոնե գործունեություն ծավալելուց։ Մենք չենք կարող հետ կանչել գումարները, և բավարար շրջանառու միջոցներ էլ շատերը չունեն, որովհետև կանգնած է տուրիզը»։
Հռիփսիմե Ստամբուլյանի ընկերությունը նաև եգիպտական Air Cairo ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում և Վրաստանում։ Նրա խոսքով, եթե Վրաստանի դեպքում մեխանիզմները հստակ են, ապա Հայաստանում անորոշություն է։ Մինչդեռ ավիաընկերությունը թռիչքները վերսկսելուց առաջ ցանկանում է պահանջները հասկանալ, հույս է հայտնում, որ Զվարթնոց օդանավակայանը զեղչային համակարգ կներդնի, առաջարկում է բոլորի համար անխտիր վերցնել «օդի տուրքը»։
«Հատկապես Եգիպտոսի նկատմամբ հետաքրքրությունը չի նվազել։ Այստեղ միայն սահմանները բացելու խնդիրը չէ․ հստակ մեխանիզմներ են հարկավոր, որպեսզի քաղաքացիները պաշտպանված իրենց զգան։ Որովհետև մենք ինքներս մտավախություն ունենք․ եթե թռիչքները վերսկսում ենք, և մեր ուղևորը Զվարթնոցում բավարար չափով ստուգումներ կամ տեստավորում չի անցնում, հասնում է Եգիպտոս, Եգիպտոսում հայտնաբերվում է, որ ինքը Covid-19-ով վարակված է։ Այս պարագայում, բնականաբար, մենք կմեկուսացնենք, մեր հաշվին կպահենք այդ ուղևորներին։ Բայց արդյո՞ք դա նորմալ է, որ Հայաստանի քաղաքացին 14 օր օտար երկրում մնա մեկուսացված վիճակումասում», - ասաց Ստամբուլյանը։
Ինչ վերաբերում է հյուրանոցներին, դրանց մի մասը Կառավարության հետ պայմանագրեր է կնքել և ծառայում է որպես մեկուսարան կորոնավիրուսով վարակվածների և կոնտակտավորների համար։ Մյուսների հյուրանոցների համար աշխատատեղերի պահպանումն է լուրջ խնդիր դարձել։ Ասում են, որ մարտ ամսին իրենց հաշվին են աշխատավարձ վճարել, ապրիլին օգտվել են կառավարության աջակցության ծրագրից, իսկ այժմ ստիպված են աշխատակիցներին չվճարվող արձակուրդ ուղարկել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ մի շարք ոլորտներում աշխատողների նվազագույն աշխատավարձի վճարում ենթադրող 8-րդ ծրագիրը միանվագ էր, և այս պահին նոր նախագիծ չի նախապատրաստվում։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը մեծ խնդիր է համարում նաև այն, որ տուրիզմի ոլորտում չկա միասնական վարչական ռեգիստր, ինչը բարդացնում է թիրախավորված աջակցություն տրամադրելու գործընթացը։
Ազգային ժողովում այսօր 100-ից ավելի տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումը կազմակերպել էր ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
Նկատենք, որ դեռ ուժի մեջ պարետի որոշումն այն մասին, որ հանրային միջոցառումները 20 և ավելի անձանց մասնակցությամբ արգելվում են։
Հանդիպումը նախատեսվածից ուշ մեկնարկեց: Մարդկանց մուտքը փոքր խմբերով էին թույլատրում, իսկ դրսում քաղաքացիները սոցիալական հեռավորություն էին պահում ոչ թե միմյանցից, այլ լրագրողական տեսախցիկից: