Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մեկնաբանել է Դաղստանում կորոնավիրուսի լայն տարածման պատճառները` նշելով, որ դրանք հիմնականում երկուսն են:
«Մարդիկ ուշ են դիմում բուժօգնություն ստանալու նպատակով և հաճախ են ինքնաբուժմամբ զբաղվում»,- հայտարարել է Պուտինը` վկայակոչելով իրեն ներկայացված մասնագիտական կարծիքները: Պուտինը նաև խորհուրդ է տվել ուսումնասիրել, թե ինչպես է Դաղստանում պահպանվում ինքնամեկուսացման ռեժիմը:
Վերջին տեղեկությունների համաձայն` Դաղստանում կորոնավիրուսի հետևանքով 29 մարդ է մահացել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, սակայն, Դաղստանի ևս 600 բնակիչներ վերջին շաբաթներին մահացել են թոքաբորբի հետևանքով: Մահացության այս ցուցանիշը, սակայն, չի ընդգրկվել կորոնավիրուսից մահերի ընդհանուր վիճակագրությունում: