Իրանի խորհրդարանը «Իսրայելին հակազդեցության մասին» օրենք է ընդունել

Իրանի խորհրդարանի նիստ, արխիվ

«Իրանի խորհրդարանը այսօր հաստատել է «Իսրայելին ցուցաբերվող հակազդեցության մասին» օրենքը», - հաղորդում է իսլամական հանրապետության պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը:

Օրինագծով արգելվում է իսրայելական արտադրանքի տարանցումը Իրանի տարածքով, բացի այդ՝ պաշտոնական Թեհրանը պարտավորվում է «օժանդակություն ցուցաբերել այլ պետություններին և ժողովուրդներին` Երուսաղեմի ազատագրության գործում»:

Իրանի խորհրդարանը նաև պարտավորեցրել է արտաքին գործերի նախարարությանը վիրտուալ դեսպանատուն բացել Երուսաղեմում` ճանաչելով այն որպես «Պաղեստինի մայրաքաղաք»:

Նախապես ենթադրվում էր, որ այս նախաձեռնությամբ իրանցի մարզիկներին օրենսդրորեն արգելվելու է միջազգային մրցաշարարերի ընթացքում մրցել Իսրայելի դրոշի ներքո հանդես եկող սպորտսմենների հետ: Վերջին պահին, սակայն, այս դրույթը հեռացվել է օրենքի նախագծից: