Կարանտինային նորմերի դեմ բողոքի ակցիաները Գերմանիայում շարունակվում են

Գերմանիա-Շտուտգարտում բողոքի ակցիաներ են, 16-ը մայիսի, 2020թ.

Գերմանական մի շարք քաղաքներում երկրորդ շաբաթը շարունակ հանգստյան օրերին բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ընդդեմ հակահամաճարակային սահմանափակումների:

Մասնավորապես մայրաքաղաք Բեռլինում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել, ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել, բերման է ենթարկվել 200 մարդ: Մյունխենում կազմակերպիչները մինչև 10 հազար ցուցարարի մասնակցությամբ բողոքի ակցիայի հայտ են ներկայացրել, տեղի իշխանությունները թույլատրել են միայն հազար հոգու մասնակցել, եթե վերջիններս պահպանեն միմյանց միջև հեռավորություն:

Հարյուրավոր գերմանացիներ իշխանություններից պահանջել են չեղարկել արգելքները Շտուտգարտում, Ֆրանկֆուրտում:

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը թեև բարձր է՝ 176 հազար 244, մահվան ցուցանիշն անհամեմատ ցածր է՝ շուրջ 8 հազար: Երկրի իշխանությունները հայտարարել են, որ Գերմանիայում կորոնավիրուսի վտանգն էապես նվազել է, բայց դեռ չի անցել: Կանցլեր Անգելա Մերկելը, դիմելով դաշնային իշխանություններին, հորդորել է չշտապել սահմանափակումները չեղարկելու հարցում: