«Ես ինչի՞ տեր եմ». քաղաքացու գրպանը պատրաստ չէ դիմակի պարտադրանքին

Մայիսի 18-ից արդեն բոլորը բաց տարածքներում պետք է դիմակ ունենան, իսկ փակ տարածքներում՝ պարտադիր կրեն։

Ամենահամեստ հաշվարկներով՝ մեկ քաղաքացուն անհրաժեշտ կլինի ամսական 10-15 հազար դրամ միանգամյա դիմակներ, ձեռնոցներ ու ախտահանիչ հեղուկ գնելու համար։ Հաշվի առնելով, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, ապա այս ծախսը ամսական կկազմի նվազագույն աշխատավարձի 15-20 տոկոսը։

«Գյուղում, էլի, ինչ-որ կերպ յոլա գնաս՝ դիմակի, ձեռնոցի հարցով, իսկ քաղաքային միջավայրում դե մարդիկ խանութ են մտնում, խանութում չեն թողնում, բնականաբար, պետք է կարողանան ինչ-որ տեղից հայթայթեն, բայց էդ հայթայթելն էլ շատ դժվար է: Մարդը գալիս է 30 դրամի բազար է անում, փող չունի, օրվա հացն է իր, իսկ ձեռնոցի համար, դիմակի համար, բնականաբար, չի ունենա: Ի՞նչ ա տունը սոված նստի, ինչ ա ձեռնոց չունի՞, բա էդ մարդը որտեղի՞ց առնի, օրվա հացի փող որտեղի՞ց ստեղծի, որ և՛ դիմակ առնի, և՛ հաց առնի», - ասաց քաղաքացիներից մեկը:

Ոմանք էլ արդեն մի քանի հազար դրամ միանգամյա դիմակների վրա ծախսելուց հետո անցել են ավելի թանկ, բայց բազմակի օգտագործման դիմակներին։

Ինքնաշեն դիմակներով, կամ շարֆով քիթ ու բերանը փակելու տարբերակը մեզ հանդիպած քաղաքացիները հիմնականում բացառում էին։

Գործատերերն իրենք են պարտավոր իրենց աշխատողներին ապահովել դիմակներով և ձեռնոցներով։ Երևանի կենտրոնում գործող հագուստի խանութներից մեկի տնօրենն ասում է՝ իր ծախսերն ավելացել են, սակայն դրանք հագուստի գնի մեջ չի ներառել, առանց այն էլ գնորդ չկա։

«Մենք ենք ապահովում դիմակը, ձեռնոցը: Օրը երեք անգամ չէ, բայց երկու անգամ փոխում են, դա ամեն օր էլ ծախսվում ա, բացի էդ էլ հաճախորդների համար ձեռնոցներ ա դրած առանձին», - ասաց տնօրենը:

Տաքսու վարորդներն իրենք իրենց գործատուն են, իրենք պետք է հոգան դիմակի ու ձեռնոցի ծախսը։ Սակայն Երևանի փողոցներում կայանած մեքենաների մոտ ուղևորի սպասող տղամարդիկ դեռ չգիտեն, ինչպես են այդ հարցը լուծելու։

«Ես ինչի՞ տեր եմ, չորսը ժամը մեկ պետք է փոխվի չէ՞, բա չորս ժամը մեկ, որ փոխեմ, էդ փող ա, ինձ որտեղի՞ց», - ասաց տաքսու վարորդներից մեկը:

Մեկ այլ տաքսու վարորդ էլ ասում է՝ առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է հետևել ցուցումներին, նա, ով ցանկանում է օրենքին հետևել, կգտնի ձևը՝ օրենքը պահելու, կարգուկանոն չհարգողը կգտնի ձևը՝ խուսափելու։ Ինքը իր՝ ոչ ծախսատար լուծումն ունի։

«Օրինակ՝ ես յուրաքանչյուր օր իմ ձեռնոցները լվանում եմ, ռեզինե չեմ կրում», - ասաց նա: