Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակակիրների ամենամեծ թիվը՝ մեկ օրում 239 նոր դեպք

Նորքի տուն-ինտերնատում ապրող 41 տարեցների մոտ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել, նրանցից հինգն այժմ տեղափոխվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն:

Սոցապ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ այս պահին ծանր վիճակում գտնվող տարեցներ չկան, իսկ վարակի ներթափանցման աղբյուրը հայտնի չէ: Հայաստանի բոլոր ծերանոցները դեռևս փետրվարի վերջից էին կարանտինի մեջ:

«Այդ ընթացքում հաստատություններում որևէ անձի ելումուտ չի եղել, մի բացառությամբ՝ Նորքի տուն-ինտերնատում ունեցել ենք տարեց, որի վիճակը վատացել է, և տարեցը տեղափոխվել է այլ բուժհաստատություն, սակայն վերադարձին նրան թեստավորել են, և կորոնավիրուսային թեստը բացասական արդյունք է ունեցել: Այս պահին ինքն էլ է թեստավորվողների մեջ մտնում, դեռևս թեստի արդյունքը հայտնի չէ», - ասաց Մարտիրոսյանը:

Ծերանոցները կորոնավիրուսային վարակի առումով ամենախոցելի հաստատություններն են: Սոնա Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ առայժմ 70 հոգի է թեստավորվել՝ անձնակազմից ու խնամվողներից: Չի բացառում, որ բուժկենտրոն տեղափոխվողներ էլի լինեն: Վարակակիրներն առայժմ մեկուսացված են ծերանոցում:

«Ի սկզբանե բոլոր ռիսկային իրավիճակները հաշվի առնելով առանձնացվել էր տարածք, որտեղ անհրաժեշտության դեպքում կարող էինք մեկուսացնել մարդկանց: Ցավոք, այս պահին արդեն այդ տարածքի անհրաժեշտությունը եղավ, մինչ այս մեզ հաջողվել էր այսքան ամիս վարակից զերծ պահել հաստատությունը», - ասաց Մարտիրոսյանը:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակակիրների ամենամեծ թիվը՝ վարակի բռնկումից մինչև այժմ. մեկ օրում 239 նոր դեպք։ Վարակի հետևանքով երեք հոգի է մահացել՝ 46-ամյա կին և 60 ու 71 տարեկան տղամարդիկ։

«Ունեցել են քրոնիկ հիվանդություններ», - այս կրկնվող ձևակերպմամբ է Առողջապահության նախարարությունը մանրամասնում մահվան դեպքերը։

Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 55 է։ Այս պահին բուժհաստատություններում բուժում է ստանում 2 հազար 415 պացիենտ, թոքաբորբերի թիվը փոքր չէ՝ 690, սակայն նրանցից 33-ն է ծայրահեղ ծանր վիճակում։

Վարչապետ Փաշինյանը կորոնավիրուսային ճգնաժամը համարում է կառավարելի՝ թեպետ նկատում է, երբ հայաստանում դեռ մեկ դեպք էր գրանցվել, խուճապ կար, հիմա դեպքերի թիվը անցել է 200-ը, ու խուճապ չկա:

«Էսօրվա մեր վիճակը ես պրոբլեմ չեմ համարում, ինչո՞ւ, որովհետև նաև նայում եմ մահացության թվերը երկրի, ես տեսնում եմ, որ նախորդ տարի ապրիլին ավելի շատ մարդ է մահացել՝ մոտավորապես 54-ով ավելի շատ մարդ է մահացել Հայաստանում, քան 2020 թվականի ապրիլին: Մենք պետք է այս թվերին հետևենք», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը շեշտում է՝ խնդիրը անորոշությունն է և իտալական սցենարի ռիսկը, սակայն առայժմ նման վատ կանխատեսում չկա։ Հայաստանում վարակակիրների 70 տոկոսը հիվանդության որևէ ախտանշան չունի, նույնիսկ ջերմություն չունեն, ընդամենը 11 հոգի է արհեստական շնչառական սարքի օգնությամբ շնչում: Խնդիր կծագի այն ժամանակ, երբ ծանր հիվանդների թիվը կմոտենա մեր մահճակալային տեղերի թվին:

«Հիվանդների թիվը, ենթադրենք, ախտորոշված պոզիտիվների թիվը, եթե լինի նույնիսկ 10 հազար, բայց մեր թոքաբորբով հիվանդների և թոքաբորբով արդեն բուժման որոշակի ծանր ստադիայում գտնվող հիվանդների թիվը ցածր լինի 1400-ից, այդ իրավիճակը վերահսկելի է», - ընդգծեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պայքարի համատարած միջոցներ են ընտրվում. օրինակ՝ դիմակը պարտադիր է բոլորի համար, քանի որ հիվանդությունը նենգ է, հասցեական պայքար հնարավոր չէ, որովհետև պարզ չէ՝ ով է վարակակիր, ով ոչ:

«Պարտադիրությունը, եթե չեմ սխալվում, վերաբերում է փակ տարածքներին, և առողջ մարդկանց մասին այդ խնդիրը, այդ ձևակերպումը, հենց նրբությունն այդ է, մենք չգիտենք, եթե իմանայինք, որ ինքը, ինքը, ինքը վիրուսակիր են, մյուսները վիրուսակիր չեն, հարցը կլուծվեր: Եթե մարդկանց դեմքին, ովքեր վիրուսով վարակված է, մի հատ նշան լիներ, որ տեսնեինք, ասեինք՝ «վայ, կորոնավիրուս է», կլուծվեր այդ հարցը», - ասաց նա:

Ի դեպ, վերջին մեկ օրում ռեկորդային է ոչ միայն վարակակիրների թիվը, նաև մինչև այժմ ամենամեծ թվով քաղաքացիներ են թեստավորվել՝ 1529 հոգի: Ապաքինված ու հիվանդանոց -մեկուսացման վայրերը լքած քաղաքացիները 125-ն են:

Նախորդ օրերի համեմատ թիվը տպավորիչ է, սակայն շարունակում է մնալ համարյա կրկնակի բարձր նոր վարակակիրների թվից։

Արցախում մինչև այժմ վարակի 24 դեպք է հաստատվել, մահ չի գրանցվել:

«Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է », - վարչապետ Փաշինյանն այսօր էլ կրկնեց վարակի տարածման նախնական փուլում արած իր ձևակերպումը, բայց լրամշակմամբ. «Էլի որ, ո՞ւմ շունն է, բայց շները տենց նաև կծելու հատկություն ունենք, և մենք ասում ենք՝ եկեք ընենց անենք, որ կամ էդ շան պարանը ձեռներս պահենք, կամ էնպես անենք, որ մեզ չկծի»: