ԱՄՆ կառավարությունը պատրաստ է մասնակի վերականգնել ԱՀԿ-ին հատկացվող ֆինանսավորումը

Սպիտակ տունը Վաշինգտոնում, արխիվ

Ամերիկյան կառավարությունը պատրաստ է մասնակի վերականգնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հատկացվող ֆինանսավորումը:

Սպիտակ տունը համաձայնել է ԱՀԿ-ին վճարել Չինաստանի հանգանակության չափով: Այս մասին հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով կառույցի ղեկավարին ուղղված ԱՄՆ վարչակազմի նամակի պատճենը:

Մեկ ամիս առաջ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե սառեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը՝ կառույցին մեղադրելով կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ձախողելու մեջ:

Համաճարակի ամենաթեժ պահին աշխարհում առողջապահական ոլորտը համակարգող կառույցը ֆինանսավորումից զրկելու ԱՄՆ նախագահի որոշումը խորը մտահոգությունների տեղիք է տվել միջազգային հանրության շրջանում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Վաշինգտոնի դաշնակիցները հորդորել էին վերանայել որոշումը:

Միացյալ Նահանգները այդ կազմակերպության խոշորագույն ֆինանսավորողն է, միայն անցած տարի ամերիկյան հանգանակությունը կազմել է 400 միլիոն դոլար, ինչը կառույցի ընդհանուր բյուջեի 15 տոկոսն է կազմում: Չինաստանի ֆինանսական լուման, օրինակ, մոտ տասն անգամ ցածր է: