Մաշտոցի անվան հին ձեռագրատունը՝ Մատենադարանն իր գիտական գործունեությունը չի դադարեցրել անգամ արտակարգ դրության ընթացքում, թեև, ինչպես «Ազատության» հետ զրուցի ընթացքում նշեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մատենադարանի թանգարանային հատվածը փակ է շուրջ երկու ամիս:
Իհարկե, նույն ժամանակահատվածում չի գործում նաև Մատենադարանի ընթերցասրահը: Գիտաշխատողներն այս օրերին տնից են աշխատում: Ինչ վերաբերում է Մատենադարանի հրատարակչական գործունեությանը, ապա, Մատենադարանի տնօրենի խոսքով, փորձել են չդադարեցնել և չուշացնել այս տարի նախատեսված գրքերի հրատարակումը:
«Բարեբախտաբար տպարանները, հրատարակչությունները աշխատում են, և սա մեզ հնարավորություն է տալիս գոնե հրատարակչական աշխատանքները, մենագրությունները, ժողովածուները, պարբերականը, տարբեր մեր գրքերը, որ նախատեսված էին այս տարի հրատարակել, էդ գործը լիարժեք առաջ տանել», - ասաց Մատենադարանի տնօրենը:
Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց. «Քանի որ այսօր հանրությունը զրկված է այցելելու, ցուցադրությունները տեսնելու հնարավորությունից, մենք 2-3 օրը մեկ մեր ֆեյսբուքյան էջում դնում ենք որևէ հետաքրքիր ինֆորմացիա ձեռագրերի հետ կապված: Ասեմ, որ բավականին հետևորդներ ունենք»: