Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում այսօրվա դրությամբ բաշխվել է 84,4 միլիարդ դրամ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում՝ ներկայացնելով «100 փաստ Հայաստանի մասին»:
«Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում այսօրվա դրությամբ բաշխվել է 84,4 միլիարդ դրամ, որից օգտվել է 48 հազար 400 իրավաբանական և շուրջ 1 մլն 100 հազար ֆիզիկական անձ», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ հակաճգնաժամային առաջին միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 513 տնտեսավարող սուբյեկտների ձեռք բերած 31,7 միլիարդ դրամ արժեքով վարկերի տոկոսադրույքները: «Աշխատավարձի և հարկերի վճարման նպատակով ձեռք բերված մասը սուբսիդավորվել է ամբողջությամբ, այսինքն՝ վարկը հասանելի է զրո տոկոսով, հումքի, սարքավորումների, կոմունալ վճարների և սննդի գծով ծախսերի մասը սուբսիդավորվել է 6-ից 10 տոկոսով, այսինքն՝ վարկը հասանելի է 2-6 տոկոսով», - ասաց Փաշինյանն:
Վարչապետը հավելեց՝ վարկի մայր գումարի մարման համար նախատեսված է մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատված:
Հակաճգնաժամային երկրորդ միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 8 հազար 195 տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց 11,6 միլիարդ դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության վարկերի տոկոսադրույքները ամբողջությամբ՝ վարկը հասանելի է փաստացի զրո տոկոսով, նշեց Հայաստանի կառավարության ղեկավարը:
«Կառավարությունը 6 միլիարդ դրամ է տրամադրել բանկային համակարգին՝ գյուղատնտեսական վարկավորում ապահովելու նպատակով: Քանի որ ճգնաժամային իրավիճակ ունեինք, և բանկերը այդքան էլ հակված չէին կամ ավելի մեծ ռիսկեր էին տեսնում գյուղատնտեսությունը վարկավորվելու համար, մենք բյուջեի միջոցներից 6 միլիարդ տրամադրել ենք բանկերին, որպեսզի նրանք վարկեր տրամադրեն գյուղացիներին, իհարկե, բանկերը հետագայում այդ գումարը պետք է վերադարձնեն կառավարությանը», - ասաց Փաշինյանը: