Լեռնավանցիներն ուզում են համայնքին վերադարձնել նախկին գյուղապետի ապօրինաբար սեփականաշնորհած գյուղամեջը

Լոռու մարզի Լեռնավան գյուղի 82 բնակիչ կարող է ներգրավվել դատախազության կողմից հարուցվող քրեական գործում և հանցակից համարվել։

Նրանք, ըստ իրավապահների, առանց թույլտվության ծանր տեխնիկա են բերել ու գյուղի կենտրոնից հեռացրել 30 տարվա ժանգոտ տնակները։

Տարիներ առաջ Ռուսաստան արտագաղթած նախկին գյուղապետ Ռազմիկ Գրիգորյանի հարազատները ոստիկանների հետ եկել ու արգելել են գյուղի բնակիչներին բարեկարգել Ռուսաստանում ապրող նախկին գյուղապետի սեփական գյուղամեջը։

«70 տղով միավորվել ենք, ինչ կար էստեղ, հանել-սրբել ենք», - ասաց գյուղացիներից մեկը։

Նրա համագյուղացին հավելեց․ - «Ոստիկաններն էկել են, ասում են արձանագրություն է ինչ-որ կազմվել․․․ Թե մենք ինչ հանցանք ենք գործել, չգիտեմ»։

Նախկին գյուղապետի մերձավորները փաստաթղթեր են վկայաբերել, որ դեռ 10 տարի առաջ Ռազմիկ Գրիգորյանն իր գյուղապետ եղած տարիներին գյուղի կենտրոնի ավելի քան 500 մետր տարածքը 73 հազար դրամով, առանց աճուրդի վաճառել է իր կնոջը։

Լեռնավանցի երիտասարդներն ասում են՝ Ռուսաստանում ապրող իրենց հայրենակիցների ջանքերով հիմնադրամ են ստեղծել ու որոշել 88-ի երկրաշարժից հիմնովին ավերված գյուղում մշակույթի կենտրոն կառուցել, գյուղն ուշքի բերել։ Բայց խոչընդոտում են։

Գյուղի կենտրոնի սեփականատեր նախկին գյուղապետին 2010 թվականից փոխարինում է Վաչագան Վարդանյանը։ Նա համամիտ է, որ գյուղամեջն ապօրինի են սեփականացրել, իրավունք չունեին։

Հարցը քննարկել են նաև Լոռու մարզպետի մոտ ու որոշել՝ դատի կտան։

Գյուղամեջի մյուս կեսը, անգամ կենտրոնով հոսող առուն, էլի տարիներ առաջ սեփականացրել է լեռնավանցի մեկ այլ բնակիչ՝ Սեյրան Կարապետյանը։ Իր սեփական տարածքում մեծ առանձնատուն է սարքել, այգի գցել, բայց գյուղապետն ու համագյուղացիները փաստեր են բերում, թե սեփականացրածից ավելի մեծ տարածք է տնօրինել։

Արդեն դատարանը քննում է գործող գյուղապետի հայցը Կարապետյանի զավթած տարածքների հարցով։ Հաջորդ դատական նիստը նախատեսված է օգոստոսին։

Մինչդեռ սեփականատեր Կարապետյանը պնդում է, թե ամեն ինչ օրինական է․ երկրաշարժից հետո պետությունից տուն չի ստացել, գոնե տարածք ստանալու իրավունք պիտի ունենար․ - «Քանդելո՞ւ է․․․ թող դատարանը որորշի, քանդեն»։

Գյուղապետարանում փնտրեցին, բայց այդպես էլ արխիվներում չգտան ով, որ թվականին և ինչպես է նախկին փոստի ու մշակույթի պալատի շենքերի տարածքը առանձնատուն կառուցելու համար տվել լեռնավանցի Սեյրան Կարապետյանին։

Ռուսաստանում գտնվող նախկին գյուղապետի ու նրա կնոջ շահերը պաշտպանելու եկած Հրաչիկ Մարտիրոսյանն այդ հարցում մեղադրում է 90-ականների գյուղապետ Միշա Զաքարյանին, ով երդվում է, թե տեղյակ չէ, այդպիսի բան երբեք չէր անի։

Գյուղացիները հաստատակամ են, որ ջրի երես են հանելու ավելի քան 20 տարի առաջ արված ապօրինի գործարքները՝ ո՞վ և ի՞նչ իրավունքով է վաճառել գյուղի կենտրոնը, որ 88-ի երկրաշարժից հետո այդպես էլ նախկինի նման հրապարակ չի դարձել։

Ասում են՝ համայնքին են վերադարձնելու թե՛ Կարապետյանի ապօրինի զավթած, և թե՛ նախկին գյուղապետ Գրիգորյանի պաշտոնեական դիրքի չարաշահմամբ իրենը դարձրած հանրային տարածքները։

Համայնքի ավագանու անդամ Համլետ Մազմանյանն ասում է, որ այսօր էլ գյուղամեջի սեփականության համար կռիվ տվող նախկին գյուղապետը զանգում ու սպառնում է գյուղի ջահելներին․ - «Հերքով զանգում վախեցնում են՝ էս պիտի էնենք, էն պիտի էնենք․․․»

Այսօր գյուղապետարանը գործում է Սեյրան Կարապետյանի սեփական շենքում և քարե փոքր շինության դիմաց տեղական բյուջեից ամսական 40 հազար դրամ է վճարում սեփականատիրոջը։