Սմբատ Գոգյան․ Փաստացի արդեն երկու տարի աշխատում ենք սխալ կանոնադրությամբ

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հեռանալը Հայաստանի կրթության և գիտության համակարգի ամենախոշոր պարտություններից մեկն է։

Խաչատրյանը հավելում է, որ լավ համակարգը այն է, որտեղ վատ աշխատողները պետք է դուրս մղվեն, ոչ թե լավերը։

Եվ սա, ըստ փորձագետի, տարիներ շարունակ Հայաստանի խնդիրներից է․ - «Եթե մենք ունենք Հայաստանում այդպիսի մարդիկ, ովքեր ուզում են պետությանը անկաշառ ծառայել, մենք պետք է ոչ մի գնով թույլ չտանք այդ մարդկանց կորցնել։ Բազմաթիվ մարդիկ, ովքեր Սմբատի նման են, այսուհետ գուցե այլևս չուզենան մտնել պետական համակարգ՝ մտավախություն ունենալով, որ նույն ճակատագիրը կարող է իրենց սպասել»։

Նշանակումից մոտ երկու տարի անց ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից հեռանալու իր որոշումը Սմբատ Գոգյանը բացատրում է մի քանի խնդիրներով։

37-ամյա մաթեմատիկոսը ասում է, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։

Հայաստանում լայն տարածում ունեցող ակադեմիական գրագողության դեմ պայքար սկսած Գոգյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ոլորտում ավելի հստակ քայլեր կատարելու, համակարգում բարեփոխում իրականացնելու համար անհրաժեշտ էին օրենսդրական լիազորող նորմեր, որոնք ստանալ, ըստ Գոգյանի, այդպես էլ չկարողացավ․ - «Փաստացի արդեն երկու տարի աշխատում ենք սխալ կանոնադրությամբ, և ես չեմ կարողանում այնպիսի որոշումներ ընդունել, որոնք ոլորտում հստակ փոփոխությունների կբերեն, ինչի արդյունքում պայքարում ենք զուտ գրագողության դեմ»։

Անցած տարի Գոգյանի ղեկավարած ԲՈԿ-ը եզրակացրել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը գիտական անբարեխղճություն էր ցուցաբերել։ Հայրապետյանը, որին մեղադրում են դոկտորական ատենախոսությունում գրագողություն կատարելու մեջ, անցած տարի թողել էր պաշտոնը։

Սմբատ Գոգյանը պնդում է, որ Հայրապետյանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։

«Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է իմ և իր միջև», - նշում է Գոգյանը։ - «Երբ որ հանձնաժողովը ստեղծվում էր, նախարարի տեղակալը ինձ հարցրեց՝ հանձնաժողովի անդամ լինելու դեպքում ի՞նչ կարծիք կտամ, ես պատասխանեցի, որ ճիշտը։ Դրանից հետո ինչ-որ հանձնաժողով ձևավորվեց, որը մի քանի ամիս քննարկելուց հետո վերջապես ինչ-որ շատ կասկածելի եզրակացություն տվեց, որտեղ ամեն դեպքում չէր հերքում թարգմանությունների փաստը։ Ու ես հոկտեմբերից մինչև փետրվար ոչ մի քայլ չէի ձեռնարկում, պարզապես սպասում էի։ Որովհետև եթե կա նախարարի ստեղծած հանձնաժողով, ապա կոռեկտ չի լինի, որպեսզի կողքից ես այն մեկնաբանեմ։ Եվ երբ հանձնաժողովի եզրակացությունը հնչեց, Ազգային ժողովում էլ դրա մասին խոսք եղավ, նախարարը ասեց, որ էս ամեն ինչը ունենալու է հետևանք։ Բայց փաստացի ոչ մի հետևանք չկա, և, այսպես ասած, իմ վրա է ընկնում բարոյական պատասխանատվությունը, թե ինչու նույն փաստերի դեպքում տարբեր եզրակացություններ եղան, և ԲՈԿ-ը, որպես ինստիտուցիոնալ մարմին, որը ատենախոսությունների որակի պատասխանատուն է, ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Այստեղ էլի խնդիր ունենք օրենքի հետ, որ թեև մարդիկ բարոյական պատասխանատվությունը մեր վրա են դրել, բայց ամեն դեպքում ԲՈԿ-ը չունի իրավական լիազորություն այդպիսի գործունեություն ծավալելու»։

Նա հավելեց, որ ինքն այս դեպքում հանձնաժողովի անդամ չի եղել․ - «Հեղափոխությունից հետո ես այդ խնդիրը բարձրաձայնել և հետամուտ եմ եղել գրագողության դեմ պայքարին։ Բնականաբար, ամենակարևոր հարցերը քննարկելիս կարելի էր իմ կարծիքը հաշվի առնել»։

«Որևէ մեկի հովանավորչությունից չեմ օգտվում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը։ - «Ես եղել եմ բուհի ուսումնական աշխատանքների գծով պրեռեկտորը, երբ նշանակվել եմ ռեկտոր։ Եվ երկրորդ, ես շարունակում եմ պաշտոնավարել, քանի որ բուհի հիմնական շահառուները, այն է՝ դասախոսները և ուսանողները, գոհ են իմ աշխատանքից և ունեն վստահություն իմ անձի նկատմամբ»։

Ինչ վերաբերում է իր գիտական աշխատանքին, Գալոյանը Ֆեյսբուքում գրել է․ - «Հանձնաժողովը տվել է իր եզրակացությունը՝ որակելով այն որպես լուրջ գիտական ներդրում տնտեսագիտության մեջ՝ չնայած աշխատանքիս գիտական նորույթները չնսեմացնող որոշ խնդիրների։ Դատապարտում եմ սեփական անհաջողությունն այլոց վրա բարդելու արատավոր պրակտիկան»:

Թե ինչ հովանավորչության մասին է խոսքը, Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից հայտնեցին. - «Չենք կարող մեկնաբանել, թե ինչ նկատի ունի պարոն Գոգյանը։ Թերևս ավելին իրենց է պետք ճշտել»։