Համայնքապետը պնդում է, որ Մարտունիում վարակակիրների նկատմամբ անհանդուրժողականում չկա

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում կորոնավիրուսով վարակված ընտանիքի տան պատերին «ամոթ», «վիրուսոտներ» և այլ գրառումներ կատարողը, ըստ Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի, ամենայն հավանականությամբ, մոտ 20-ամյա երիտասարդ է եղել։

Նրա խոսքով, դրա մասին վկայում են շրջակայքում տեղադրված տեսախցիկները․ - «Կամերաներով երևում ա, որ 20-23 տարեկան մի ջահել ա անցնում․․․ Էլ մնացածը մանրամասները չի երևում»։

Ըստ վերջին տվյալների, Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 211 դեպք, որոնցից 12-ը Մարտունիում։

Ավետիսյանը չի կարծում, թե իրենց մոտ վարակակիրների նկատմամբ անհանդուրժողականություն կա, տեղի ունեցածը եզակի ու անհասկանալի դեպք է համարում․ - «Մարդը հո թշնամի՞ չի, որ հիվանդ ա։ Էս մի դեպքը ոնց որ սենց մեծ արձագանք ունեցավ, բայց չկա տենց մի բան, որ տրամադրված հարձակվել են տան վրա»։

Ոստիկանության լրատավական ծառայությունից դեպքից մեկ օր անց էլ միայն ասում են՝ նյութեր են նախապատրաստվում։

Հայկական Կարմին խաչի հոգեբան Արմիդա Զախարյանը, ով այս ընթացքում աշխատում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ, փոխանցեց, որ իրենց կառույցում ստացված ավելի քան վեց հազար հեռախոսազանգերից ելնելով՝ կարող են ասել, որ վիրուսի տարածման սկզբնական փուլում նման խտրական վերաբերմունք չի նկատվել։ Իրավիճակը փոխվել է վերջին շաբաթների ընթացքում։

Այս շաբաթ, օրինակ, յոթ նման ահազանգ են ստացել․ - «Հիմնականում ասում են, որ քանի որ ընտանիքում դեպքը եղել է, արդեն վարակված անձ կա, մնացած ընտանիքի անդամների հանդեպ պիտակավորում, անգամ հարևաններով որոշակիորեն զրույցներ ծավալել և այլն․․․ Դա բնորոշ է։ Սովորաբար հանրության մեջ վարակիչ հիվանդությունների հետ կապված, այո, կա նման երևույթ։ Եվ ես կասեմ, որ Հայաստանում խարանի և խտրականության աստիճանը բարձր չէ՝ համեմատած այլ երկրների հետ»։

Ներկայանալ չցանկացած վարակակիրները «Ազատությանը» պատմեցին, որ շտապօգնությանը խնդրել են տնից մի փոքր հեռու կանգնել, մոտենալ գիշերային ժամերին կամ թույլ տալ, որ իրենք ներկայանան հիվանդանոց։ Անհանգստանում են, որ թաղամասում կտեղեկանան, որ իրենք վարակվել են կորոնավիրուսով։

Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը կարևոր է համարում հանրության իրազեկումը, որ կորոնավիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, ուստի ոչ ոք դրանից ապահովագրված չէ։ Նա հիշեցրեց, որ հիվանդների տվյալները բժշկական գաղտնիք է, որն իրենք խստագույնս պահում են․ - «Երևի ավելի շատ մարդու անձնական մշակույթի խնդիր է։ Մի մարդը հրապարակավ և շատ հանգիստ խոսում է իր հիվանդության մասին, մյուսները ցանկություն չունեն դրա մասին խոսելու։ Դա միայն «Քովիդ»-ին չի վերաբերվում։ Դա կարող է քաղցկեղն էլ լինել, կամ հասարակ որևիցե ուրիշ ինֆեկցիա»։