Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թվի նոր ռեկորդ է գրանցվել

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների նոր՝ ռեկորդային բարձր թիվ է գրանցվել. նախորդ օրը կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 184-ով՝ հասնելով 4 հազար 44-ի, գրանցվել է մահվան ևս երեք դեպք, մահացածների ընդհանուր թիվը հասել է 52-ի, այսօր «Ազատությանը» հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Մինչ այժմ մեկ օրում հաստատված վարակակիրների ամենամեծ թիվը Հայաստանում մայիսի 12-ին էր՝ 180 նոր դեպք:

«Վերջին տվյալներով ունենք հաստատված կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4 հազար 44 դեպք, որոնցից 1666-ն արդեն առողջացած է, 52-ը՝ մահվան ելքով, և փաստացի այս պահին բուժում ստանում է 2 հազար 304 պացիենտ: Թեստերի քանակը՝ մինչև այս պահը ընդհանուր կատարվել է 37 հազար 476 հետազոտություն: Մենք, եթե օրվա կտրվածքով ասենք, ունենք հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած: Մահերի հետ կապված հայտնեմ, որ նախօրեին ունեցել ենք երեք մահվան դեպք կորոնավիրուսային հիվանդությունից, նրանց տարիքները՝ 68, 81, 82 տարեկան, նրանցից մեկը եղել է կին, երկուսը՝ տղամարդ, բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», - ասաց Ալինա Նիկողոսյանը:

Առողջապահության նախարարության խոսնակը նաև հայտնեց. «Վերջին տվյալներով ունենք ծանր վիճակում գտնվող 70 քաղաքացի, իսկ ծայրահեղ ծանր վիճակում՝ 31, նրանցից հինգը միացված է թոքային օդափոխման սարքի»:

Երեկ կառավարության որոշմամբ արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը։ Վարչապետը երեկ հիմնավորեց, թե ստիպված են գնում այդ քայլին, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված գուցե շատ կոնկրետ գործողությունների անհրաժեշտություն լինի, օրինակ՝ կարող է անհրաժեշտություն լինի փակել կոնկրետ բնակավայր։

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ, թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: 57 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխանները նախատեսվում է ստանալ օրվա ընթացքում: Վերջին տվյալների համաձայն, Արցախում կորոնավիրուսով վարակվել են 20 հոգի, որից բուժվել է 8-ը, մեկուսացված են 51-ը, մահեր չկան, իրականացվել է 554 թեստավորում։

Հնարավոր է՝ արդեն գալիք շաբաթ մեկնարկեն ավարտական փորձարկումները, որից հետո Հայաստանում կսկսեն կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արտադրել, այսօր «Ազատությանը» փոխանցեց Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։ Հավելեց՝ կառավարությունն առայժմ պատվիրել է 100 հազար թեստ։

«Այն նյութերը, որ մեզ մոտ արդեն կան, մենք իրենց փորձարկում ենք, էս պահին, հլը, էդ փուլն է, երևի կսկսենք վերջնական ծավալով փորձարկել երկուշաբթի օրվանից», - ասաց Առաքելյանը:

«Ազատության» հարցին, թե օրական քանի՞ թեստ կկարողանան արտադրել, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը պատասխանեց. «Էս պահին մենք պայմանավորվածություն ունենք կառավարության հետ 100 հազար թեստի մասին, իսկ թե օրական մենք ինչքան կկարողանանք արտադրել, դա արդեն կախված կլինի ամբողջական փորձարկումներից, որ մենք մյուս շաբաթ կանենք: Մյուս շաբաթ մենք հենց զբաղվելու ենք էդ ամբողջական թեստի արտադրության փորձարկումներով, այդտեղ էլ արդեն ծավալը կերևա և արագությունը»:

Հարցին էլ, թե մտադի՞ր են արտահանել թեստերը, Արսեն Առաքելյանը պատասխանեց. «Մենք չենք արտահանելու, էս պահին 100 հազարը, որ մենք պատրաստելու ենք, տալու ենք կառավարությանը, արդեն կառավարությունը պետք է որոշի՝ հետագայում ինչ ենք անելու»: