Երևանի կենտրոնում գտնվող սրճարանները, պուրակները լի են ակտիվ երիտասարդներով ու վախվորած մեծահասակներով:
Թոռնիկի հետ զբոսնող մի տիկին համարյա սարսափով էր հետևում, թե որքան լեփ-լեցուն են սրճարանները, պարետի սահմանած 1,5-մետրանոց պարտադիր հեռավորության մասին հիշողներ գրեթե չկան:
«Տեսնում եմ, որ շատ մոտ են քայլում, մի տեսակ վախենում եմ, ես էլ եմ խուսափում: Ինքս էլ մեկ դնում եմ դիմակը, մեկ հանում եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց կինը:
Մայիսի 18-ից սահմանափակումների նախատեսվող մեղմման վերաբերյալ նա ասաց, որ դա իրեն վախ է ներշնչում, «որովհետև գնալով կարծես թե էլի ավելանում են թվերը»:
Նունե Ավետիսյանը սրճարաններից հեռու՝ այգում է նստել: Մի քանի օրից կգործեն հանրային տրանսպորտը, մոլերը, մանկապարտեզները, սպորտդահլիճները: Նա դրան թե՛ վատ է վերաբերվում, «որովհետև մարդիկ ավելի վտանգի մեջ խիստ կլինեն, ավելի վարակվելու հավանականությունը մեծ կլինի», և թե՛ լավ, «որ մի փոքր ազատ կլինենք գոնե». - «Որովհետև ես անձամբ երկու ամիս է՝ տանից դուրս չեմ եկել, էսօր առաջին օրն ա, որ դուրս եմ եկել, ու էդ ազատությունը, որ զգում եմ, շատ հաճելի ա, ու կարծում եմ՝ մարդկանց համար էդ շատ մեծ բան կլինի»:
Ասում է՝ հիմա ամեն ինչ մարդկանց վարքագծից է կախված. - «Պատասխանատու մարդիկ պահպանում են, բնականաբար: Ովքեր մտածում են իրենց կյանքի ու իրենց հարազատների մասին, բնականաբար, պահպանում են»:
Հարցին էլ՝ «իսկ Ձեր տպավորությամբ՝ պատասխանատունե՞րն են շատ, թե՞ անպատասխանատուները», Նունեն արձագանքեց. - «Ինձ թվում ա՝ Դուք արդեն ինքներդ տեսնում եք էդ ամեն ինչը»:
Աղջիկների մի խումբ ծանրաբեռնված սրճարանների կողմն էր նայում: Նախանձի ոչ մի զգացում:
«Նստելու տեղ չկա: Ինձ թվում ա՝ էդ էդքան էլ լավ չի», - ասաց նրանցից մեկը:
Աղջիկներն ասում են՝ պարետատունը հենց այս տեսարանը հաշվի առնելով չպետք է վերացներ սահմանափակումները.
«Մենք էլ էդքան չէինք պահում, բայց ինձ թվում ա՝ մի քիչ շուտ են բացել, մարդկանց շատ են, ոնց որ, ազատություն տվել, էլի...»:
«Ամեն դեպքում, պետք ա ավելի երկար տևեր էս ամենը՝ սահմանափակումները: Թեկուզ թող մարդիկ գնային դուրս ման գալու, բայց ոչ՝ մոլերը բացվեին կամ, չգիտեմ, տրանսպորտը բացվեր»:
Կան քաղաքացիներ, որ սահմանափակումների վերացումը սոցիալական հարցերի լուծման միակ տարբերակն են համարում.
«Բա ի՞նչ անեն, ի՞նչ անեն, մարդիկ չեն գնում աշխատանքի: Փող պետք ա վաստակեն, մարդիկ կան, որ օրավարձով են աշխատում, պետք ա էդ մարդիկ ապրեն, չէ՞, վերջապես»:
«Շատ լավ ա, քանի որ մարդիկ կան՝ առանց գործի մնացած են հիմա»:
«Դե, ամբողջ օրը որ տանն ենք լինում, էդ վիճակից նեղվում ենք, հետո ուզում ենք դուրս գանք՝ աշխատենք, շփվենք...»:
Մարգարիտան մատնահարդար է, ասում է՝ դիմակ կրելիս խեղդվում է, շուտով տուգանքի սպառնալիքի տակ կլինի. - «Այո, եթե որոշված ա, որ դնեմ, պետք ա դնենք՝ ուզած, թե չուզած: Այո, խեղդվելով: Ուր էլ գնանք՝ դիմակը մեր անբաժան մասն ա դառնալու»:
Սահմանափակումների մեղմման վերաբերյալ հնչեց նաև շատ յուրահատուկ տեսակետ՝ ինչո՞ւ սահմանափակել, եթե միևնույն է փակվող չկա. - «Մի տարի էդ սահմանափակումները պահեն, մինչև էս ամեն ինչը կթուլանա՞: Իմաստ չունի: Մեկ ա՝ ոչ մեկ չի պահում, մեկ ա՝ ոչ մեկ չի պահում»: