Եվրոպայում համաճարակի բռնկման էպիկենտրոն դարձած իտալական Բերգամո քաղաքի ղեկավար Ջորջիո Գորին հայտարարել է, որ բոլոր ժամանակների առողջապահական ոլորտի վատթարագույն ճգնաժամը հաջողվել է հաղթահարել, նոր ճգնաժամը՝ վերականգնումը, դեռ առջևում է:
Փետրվարին կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվելուց հետո հաշվված օրերի ընթացքում քաղաքի հիվանդանոցներում տեղ չկար, օրական մահանում էին հարյուրավոր վարակվածներ: Բերգամոն դարձավ կորոնավիրուսի ողբերգության խորհրդանիշը:
Քաղաքում և հարակից շրջաններում մինչ օրս բուժվում են 12 հազար հիվանդներ, քաղաքապետի խոսքով, սակայն, հաջողվել է վերահսկելի դարձնել իրավիճակը:
Իտալիան կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից է, վարակվածների ընդհանուր թիվը շուրջ 222 հազար է, զոհվել է ավելի քան 31 հազար մարդ: Մահացության ցուցանիշով Իտալիան աշխարհում երրորդն է՝ Միացյալ Նահանգներից և Մեծ Բրիտանիայից հետո: