Քննչական կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնավարման ժամանակահատվածում կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն:
Փաստի առթիվ երեկ քրեական գործի նյութերով ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործին:
Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, դեպքերի վերաբերյալ նախաքննությունը կատարում են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ:
«Ազատության» աղբյուրների համաձայն՝ խոսքը Հանրապետական կուսակցության փոխնախագահ, 2009-2016 թվականներին կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանի մասին է:
Ինքը` Արմեն Աշոտյանը ևս անդրադարձել է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը. «Քանի որ անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Նախկին նախարարը նշել է, որ երբ կհստակեցվի, թե ում մասին է խոսքը, ինչ գործով և մեղադրանքով, այդ ժամանակ ինքը և փաստաբանը կլինեն հասանելի այս հարցով: