«Նախկին իշխանություններից «Իմ քայլի» ձևավորած կառավարությունո՞ւմ շատ մարդ կա, թե՞ «Լուսավոր Հայաստանում». Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի փոխնախագահ («Իմ քայլը») Ալեն Սիմոնյանն ու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանն են լեզվակռվի բռնվել խորհրդարանի միջանցքում: Թեման նույնն է՝ ով է նախկին իշխանությունների սպասարկուն, ում թիմում են հանգրվանել նախկինները։

Խմբակցությունների ճեպազրույցին հետևող Ալեն Սիմոնյանը եկել էր դահլիճի մոտ` Էդմոն Մարուքյանին ապացուցելու, որ նա ստում է, երբ հայտարարում է, թե հեղափոխության օրերին Սիմոնյանից փողոց դուրս գալու կոչով նամակ չի ստացել.- «Հրապարակե՞լ է այդ sms-ի սքրին շոթը, որ ինքը sms է գրել, որ ժողովրդին ծեծում են, եկեք, ու մենք չենք գնացել»,- ասաց Մարուքյանը:

««Ելք» դաշինք, 16-ը ապրիլ, 2018 թիվ, դուրս եկեք փողոց որպես ավագանի, որպես երևանցի»,- նշեց Սիմոնյանը:

Պատգամավորների փոխադարձ մեղադրանքներն այս անգամ լեզվակռվով ավարտվեցին։ Մարուքյանը հեռացավ, Ալեն Սիմոնյանը շարունակեց հիմնավորել, թե ինչպես են իրենց նախկին դաշնակիցները դարձել նախորդների ձայնը խորհրդարանում.- «Ինքը չի «վախենում», չի զսպում իրեն, Խաչատրյան Գագիկի անունն է տալիս, մյուսների անունն է տալիս, բայց լսե՞լ եք, որ ինքը Միքայել Մինասյանի անունը տա վատ կոնտեքստում»:

Մինչ այս միջադեպը նախկինների, այդ թվում` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ «Լուսավոր Հայաստանի» համագործակցության հարցը իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ճեպազրույցում էր քննարկվում։ Իշխող ուժը ի՞նչ փաստեր ունի, որ քաղաքական հակառակորդ «Լուսավոր Հայաստանը» նախկինների հետ է համագործակցում, զանգերի, հանդիպումների վերաբերյալ օպերատիվ տվյալներ ունե՞ն, հարցրինք իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին.- «Եթե Դուք խոսելիս համագործակցության մասին նկատի ունեք, որ երկու անձ հանդիպում են իրար, ասում են` ես կանեմ սա, դու կանես սա, հետո էլ ձեռք են սեղմում, ուզում եմ ասել, որ համագործակցությունը միշտ չի այդպես լինում»:

Ազգային ժողովի դահլիճում մայիսի 8-ի ծեծկռտուքից ժամեր անց վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե միջադեպը «քստմնելի սադրանք» էր, իսկ խորհրդարանի դահլիճում, ըստ իշխանականների, այս սադրանքը «Լուսավորը» սկսկել է ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքի համատեքստում։ «Լուսավորն» առաջին ընթերցման ժամանակ կողմ էր քվեարկել, երկրորդին` ձեռնպահ, թե իրենց առաջարկները չեն ընդունվել։

«Ինչո՞վ մենք կարող ենք ընդհանրապես եզրակացնել այս կամ այն քաղաքական ուժի դիրքորոշումը, իրենց պահվածքով, փաստերով, հիմա Ձեզ ասում եմ փաստ` կողմ չեն քվեարկել դրան, ու սա կոնկրետ օրակարգ է, որը կապված է նախկին իշխանությունների գործունեության հետ»,- ասաց Ռուբինյանը:

Թե օրենքը, թե իշխանության գործողությունները շատերն են քննադատում, անգամ իրենց համակիրները, սա բավարա՞ր է պնդելու, որ նախկինների հետ են համագործակցում, հարցրինք Ռուբինյանին.- «Օրինակ բերեմ, եթե օրինակ` ես ուզում եմ, որ ասենք այս պատը ներկվի կանաչ, և ինձնից անկախ Դուք էլ եք ուզում, որ այս պատը ներկվի կանաչ, և իմ բոլոր գործողությունները միտված են նրան, որ այս պատը ներկվի կանաչ, Ձեր բոլոր գործողությունները նույնպես միտված են նրան, որ պատը ներկվի կանաչ, ես և Դուք հանդիպելու և ձեռք սեղմելու կարիք չունենք, կարող ենք և հանդիպել և ձեռք սեղմել, բայց մենք գործում ենք հետևաբար նույն համատեքստի մեջ: Սրա մասին է խոսքը»:

«Ի՞նչ է նշանակում նախկինների համատեքստ: Նախկինների համատեքստում իրենք են ուղնուծուծով, ամբողջ իրենց գործունեությամբ»,- նշեց Մարուքյանը:

Նախկին դեսպան Միքայել Մինասյանին վերջին անգամ ե՞րբ է հանդիպել Մարուքյանը, լրագրողներից մեկի այս հարցն անգամ բարկացրեց Մարուքյանին։ Նախկինների հետ սերտ կապել ունենալու մեղադրանքներն ուղղեց իշխանության կողմ.- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոչ մի կապ չունի ոչ Միքայել Մինասյանի, ոչ էլ իրենց թվարկած ցանկացած նախկինների հետ: Ի՞նչ է նշանակում նախկինների համատեքստ: «Լուսավոր Հայաստանո՞ւմ» կա նախկին իշխանությունից շատ մարդ, թե՞ «Իմ քայլը» դաշինքում: Հարց` «Իմ քայլը» դաշինքի ձևավորած կառավարությունո՞ւմ կա շատ մարդ նախկին իշխանություններից, թե՞ մեզ մոտ, մեզ մոտ ոչ մի հոգի չկա, իրենց մոտ քանի՞ հոգի կան»,- ասաց Մարուքյանը:

Ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստանը» լքել էր նիստերի դահլիճը, դեռ չեն քննարկել՝ երբ կվերադառնան։ Խմբակցության ղեկավարն ասաց՝ չեն բոյկոտել նիստերը, պարզապես բռնությունը չկրկնելու երաշխիքներ են պահանջում։