«Եթե ներողություն չխնդրիր, քեզ լավ բան չի սպասվում». Սասուն Միքայելյանը` պատգամավոր Մարուքյանի եղբորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, 11-ը մայիսի, 2020թ.

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանին ապտակած, իշխող խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե մանդատից հրաժարվի նաև Մարուքյանը։ Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքից չորս օր անց Սասուն Միքայելյանն անդրադարձավ միջադեպին։

«էն, ինչ որ արվել է, կատարվել է էս դահլիճում, իրա մեղքով ա կատարվել, եթե էդքան տղա ա ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք, թող էս կուսակցություններն իրենց գործը շարունակեն, շնորհակալություն: Եթե կաս տղա էտքան, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»,- հայտարարեց նա:

Սասուն Միքայելյանը, ինչպես վարչապետ Փաշինյանը, հիշեց որոշ ուժերին, թե հենց նրանց դրդմամբ է Մարուքյանի թիմը ցանկանում քաոս ստեղծել երկրում, ասաց՝ իրեն աջակցող մտերիմներին էլ հորդորել է իր պատիվը պաշտպանելու համար չտրվել այդ սադրանքին.- «Էս դահլիճում դեպք ա պատահել, ես գիտեմ` Մարուքյանն ինչ շոումեն ա, էգուց կասի` չգիտեմ, ինձ կերան, սպանին, մորթին»:

Սասուն Միքայելյանի որակած սադրանքը սկսվել էր այսպես. ամբիոնի մոտ ելույթ ունեցող Մարուքյանին Միքայելյանը տեղից ռեպլիկներով արձագանքել էր, ինչից հետո երկու պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվել, ապա Մարուքյանն ընդառաջ գնացել Միքայելյանին, վերջինս էլ ապտակել ընդդիմադիր խմբակցության ղեկավարին։ Ապտակին հաջորդել էր քաշքշուկը, ավելի ուշ Մարուքյանը հայտարարել էր, թե իրեն հետևից հարվածել են նաև «Իմ քայլի» պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, խոստովանել, որ ինքն էլ ոտքով հարվածել էր Սասուն Միքայելյանին։ Նույն օրը «Լուսավորը» լքեց դահլիճը՝ հայտարարելով՝ տեղի ունեցածը պետք է քաղաքական հետևանք ունենա։

Քաղաքական հետևանքն այսօր անձամբ Միքայելյանն առաջարկեց: Համաձա՞յն է պայմանին, էդմոն Մարուքյանն այս հարցը անպատասխան թողեց, թե Արցախում է, ելույթը չի լսել։ Փոխարենն արձագանքեց նրա թիմակից Գևորգ Գորգիսյանը.- «Պայմանը համարում եմ անհեթեթություն, որովհետև նույնն է, որ ասենք կողոպուտ անելու պարագայում գողին և նրան, ում որ թալանել են, նույն հոդվածով բռնենք և փորձենք դատել: Դա ուղղակի անհեթեթություն է և խոսում է մի բանի մասին` քաղաքական սնանկության»:

Բայց սա Սասուն Միքայելյանի միակ պայմանը չէր։ Մարուքյաններից մի պահանջ էլ ունի։ էդմոն Մարուքյանի կրտսեր եղբայրը՝ Էդգար Մարուքյանը. իրեն Ֆեյսբուքում հայհոյելու համար պետք է ներողություն խնդրի.- «Երիտասա՛րդ, քո մայրն իմ համար սուրբ ա, բայց քո ասածների համար եթե դու ներողություն չխնդրիր, իմ անցած ուղին բոլորդ էլ գիտեք, գիտեք` ես ով եմ, իմ խոսքով, իմ գործով, լավ բան չի սպասվում քեզ: Խորհուրդ կտամ մեծի որպես, մեծի խորհուրդ եմ տալիս քեզ, հելնես, ներողություն խնդրես աղերսաբար իմ ծնողից»:

էդգար Մարուքյանը դեռ երեկ իր էջից հեռացրել է գրառումը՝ նշելով, թե դեմ է Ֆեյսբուքում հայհոյանքեր գրելուն և ափսոսանք հայտնել, որ չի կարողացել տեղի ունեցածից հետո իրեն զսպել։

Գևորգ Գորգիսյանն էլ շեշտեց` էդգար Մարուքյանը պաշտոնյա չէ, քաղաքացի է, և Սասուն Միքայելյանը շարունակում է խոսել սպառնալիքի լեզվով.- «Սպառնալիքի լեզուն Ազգային ժողովի տեղը չէ ուղղակի ու անթույլատրելի է»:

Հետհեղափոխական խորհրդարանի աղմկհարույց միջադեպով զբաղվում են իրավապահները։ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցել են, որ նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Իսկ խորհրդարանում հակված չեն Էթիկայի հանձնաժողով ստեղծել ու տեղի ունեցածը քննել։ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար խմբակցություններից որևէ մեկը նախագիծ պետք է ներկայացնի, ընդունելու համար անհրաժեշտ է քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությունը, այսինքն` միայն ընդդիմադիր ուժերի ձայները բավարար չեն այն ստեղծելու համար։

Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե էնֆիաջյանը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր անելիքն արդեն արել է.- «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը տեղի ունեցածի հետ կապված իր պաշտոնական դիրքորոշումը հայտնել է, հայտարարությամբ հանդես է եկել, դրան ոչ մի բան ոչ ավելացնելու, ոչ պակասեցնելու ինչ-որ դրվագ կա, որ ես պետք է հանդես գամ»:

«Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, որը խորհրդարանում էր, բայց նիստին չէր մասնակցում, սլաքներն ուղղեց իշխող խմբակցություն.- «Էթիկայի հանձնաժողովի մասին հայտարարությունները սիրում են անել մեր «Իմ քայլի» գործընկերները, թող իրենք էլ նախաձեռնեն»:

Իշխող խմբակցությունում հանձնաժողով ստեղծելու քաղաքական որոշում չունեն, նպատակահարմար չեն համարում, ասաց իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը.- «Այս պահին «Իմ քայլը» խմբակցությունը նպատակահարմար դեռևս չի համարում, համենայն դեպս նման որոշում չունի` Էթիկայի հանձնաժողով ստեղծելու, եթե մյուս երկու խմբակցությունները դրա անհրաժեշտությունը կտեսնեն, մենք, իհարկե, անպայման կքննարկենք այդ հարցը»:

«Իմ քայլը» խմբակցությունից միայն Սասուն Միքայելյանը չէ, որ պատրաստ է մանդատից հրաժարվել։ Նրան պատրաստ են հետևել Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, եթե «Լուսավոր Հայաստանից» էլ մանդատները վայր դնեն Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։