Իրանն ԱՄՆ-ի հետ կալանավորների փոխանակման պատրաստակամություն է հայտնել` առանց նախապայմանների

Բանտ Իրանում, արխիվ

Իրանը հայտարարել է, թե պատրաստ է կալանավորների փոխանակում անել Միացյալ Նահանգների հետ` առանց նախապայմանների: «Մենք պատրաստ ենք փոխանակել բոլորին, սակայն, ամերիկացիները դեռ չեն արձագանքել այս առաջարկին»,- այսօր ասել է կառավարության խոսնակ Ալի Ռաբիեյը:

Արևմտյան մամուլն անցած շաբաթ հաղորդել էր, որ կողմերն այս հարցի շուրջ բանակցություններ են վարում: Ըստ նախնական տվյալների, իրանական բանտերում առնվազն չորս ամերիկացի է պահվում, մինչդեռ Ամերիկայում, ըստ Իրանի, ազատազրկված է երկրի մոտ քսան քաղաքացի: Վերջին անգամ կողմերը կալանավորներին փոխանակել էին անցած տարվա դեկտեմբերին: