Չեխական ավիաուղիները մայիսի 18-ից կվերսկսեն չվերթները սահմանափակ քանակով

Չեխական ավիաուղիները մայիսի 18-ից կվերսկսեն չվերթները սահմանափակ քանակով. ընկերությունը դադարեցրել էր աշխատանքները վեց շաբաթ առաջ` կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Ըստ պաշտոնական հայտարարության, նախ կիրականացվեն թռիչքներ դեպի Ամստերդամ, Ֆրանկֆուրտ, Փարիզ և Ստոկհոլմ, ապա մայիսի 24-ից կավելանան թռիչքները դեպի Կիև, հետո արդեն Օդեսա և Բուխարեստ: Ընկերությունը պահանջում է ուղևորներից դիմակներ կրել չվերթի ողջ ընթացքում և պահպանել երկու մետր հեռավորություն: Օդանավը կախտահանվի յուրաքանչյուր թռիչքից առաջ և հետո:

Երեկ նաև Air France-ն էր հայտարարել հատուկ միջոցառումների մասին. ընկերությունը վաղվանից պարտադիր ջերմաչափում կիրականացնի և թույլ չի տա օդանավ բարձրանալ այն ուղևորներին, որոնց մոտ ջերմությունը կգերազանցի 38 աստիճանը: Նրանց տոմսերը կփոխվեն` առանց հավելավճարի: