«Որդուս սպանողը պետք է բացահայտվի». 2001-ին սպանված զինծառայողի մայր

19 տարի շարունակ արդարության համար տարբեր դռներ թակելուց հետո որդեկորույս մոր բողոքները տեղ հասան ոչ թե Հայաստանում, այլ դրսում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։

Ստրասբուրգի դատարանը քննելով 68-ամյա Անահիտ Մկրտչյանի բողոքը՝ եզրահանգել է՝ խախտվել է նրա որդու՝ զինծառայող Արայիկ Ավետիսյանի կյանքի իրավունքը։ Խախտված իրավունքի դիմաց դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 26 հազար եվրո փոխհատուցում վճարել։

Մկրտչյանը պատմում է՝ Հայաստանում գործը քննած քննիչը այդպես էլ արժանահավատ չի համարել իր կասկածներն այն մասին, որ որդուն սպանել է գումարտակի հրամանատարը շտաբի պետի սենյակում՝ իր ստորացումներին տեղի չտալու, ինչպես նաև արձակուրդի թույլտվության համար 100 դոլար չտալու համար։

«Տարիներ է անցել, ասենք, ինքն ասում է՝ «ինչ է ուզում ինձանից, էդքան տարի է անցել, մեզ ինչի է ուզում գցել կրակը», բայց իրենք չգիտեն, որ ես 19 տարի կրակի մեջ եմ: Միշտ ճիշտը պիտի ասեմ, միակն ա ճշմարտությունը, էդ ճիշտը պիտի ասեմ», - ասաց Անահիտ Մկրտչյանը:

Եվրոպական դատարանի որոշմամբ ոչինչ չի ավարտվում, ասում է որդեկորույս մայրը, իրավապահները պետք է նոր քննություն անցկացնեն՝ պարզելու, ի վերջո, ով սպանեց որդուն։ Իսկ հրամանատարը պետք է հայտնվի ճաղերի հետևում։

«Իմ կյանքի միակ նպատակը՝ որ մարդասպանը պատասխան տա իրա արարքին համապատասխան: Ինչն ինձ շատ անհանգստացնում է, որ մինչև հիմա նույն զորամասում աշխատում է՝ վերականգնած իր բոլոր կոչումները, և հեռվից լուրեր եմ լսում, որ ինքը նույն ձեռագրով է աշխատում զորամասում», - նշեց Մկրտչյանը:

Իսկ բարձրաստիճան զինվորականի ձեռագիրը զինվորներին ստորացնելն էր զենքի ուժով, որդու պատմածներն է վերհիշում սևազգեստ մայրը։

«Հստակ խոսում էր, ասում էր՝ «մամ, ինձ ասում ա՝ «ես կա՛մ քեզ կսպանեմ, կա՛մ կսարքեմ էս դարի մարդ», այսինքն՝ պիտի կոտրվես, պիտի սողաս իրանց դեմը, ու անընդհատ: Երբ արձակուրդ էր եկել, ասաց՝ «մամ, զինվորների օձիքից բռնում է, զենքը լիցքավորում, պահում է ճակատներին՝ տեսնի էդ զինվորները կվախենա՞ն, թե՞ չեն վախենա»: Ես քրեական գործից տեսնում եմ, որ իմ տղային նույն ձևով է սպանել», - նշեց նա:

Ըստ քրեական գործի, 22-ամյա զինվորը մահացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։ Անզգույշ սպանության մեղադրանք էր առաջադրվել ծառայակցին։ Զինծառայող Կարեն Սարգսյանը, որ սկզբից պատմել էր, թե անզգուշորեն ինքն է կրակել ծառայակցի վրա, հետո հրաժարվել է իր ցուցմունքից։ Որդեկորույս մոր պնդմամբ՝ նրան վախեցրել էին, ստիպել իր վրա վերցնել մեղքը։

Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դեպքից 10 տարի անց զինվորը հարցաքննության ժամանակ հերքել է իր նախկին ցուցմունքները՝ պնդելով, որ ստիպված է եղել դրանք տալ՝ վախենալով իր և իր ընտանիքի անվտանգության համար: Հայաստանյան իրավապահները, սակայն, այս դրվագը չեն քննել։

«Իրա հայրն էլ էր ասում, ինքն էլ հստակ նախաքննական մարմնին էլ հետո ասել է՝ «ինձ ասում էին՝ «ընտանիքիդ կվնասենք», - ասաց Անահիտ Մկրտչյանը:

Հայաստանյան դատարանները դատավարության ընթացքում երեք անգամ այս գործը վերադարձրել են նոր քննության՝ մատնանշելով նախաքննությունում առկա թերությունները՝ վկաների ցուցմունքների և դատաբժշկական փորձաքննության տվյալների միջև հակասություններ են եղել։ Մայրը պատմում է, որ այդպես էլ չի հստակեցվել, թե կրակոցից մահացած որդին այդ ինչ վնասվածքներ ունի մարմնի վրա։ Ըստ դատաբժշկական փորձաքննության, որդին վնասվածքները ստացել է մահվանից կարճ ժամանակ առաջ՝ բութ առարկայի հարվածից, և դրանք չէին կարող առաջանալ ընկնելու հետևանքով։

Անահիտ Մկրտչյանի պնդմամբ՝ գործում ականատես կա, որը մատնանշում է հենց հրամանատարի կողմից զինվորի վրա կրակելը։ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այս ցուցմունքը հայաստանյան իրավապահները պատշաճ չեն քննել։

Գործի քննությունը կասեցվել է երկու անգամ։ Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում այս քրեական գործը ևս վերաբացվեց, սակայն կրկին կասեցվեց։ Որպես պատճառ նշվեց այն, որ հնարավոր չի եղել պարզել այն անձին, ում պետք է մեղադրանք առաջադրվի: Քննիչները չեն կարողացել հայտնաբերել նաև հրազենը, որից արձակվել էր կրակոցը:

Որդեկորույս մոր փաստաբան Արաքս Մելքոնյանն «Ազատությանը» փոխանցեց՝ գումարտակի հրամանատարը 2004-ին դատապարտվել է այլ՝ զինվորների նկատմամբ բռնություն գործադրելու քրեական գործով։ Հետո, սակայն, կրկին անցել է ծառայության։ «Ազատությանը» չի հաջողվել կապ հաստատել գումարտակի հրամանատարի հետ։