«Այս վիճակն, իհարկե, բոլորին ճնշող դրություն է». կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը՝ ինքնամեկուսացման մասին

Կոմպոզիտոր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Վահրամ Բաբայանը հեղինակ է 6 օպերայի, 4 բալետի, մեկ տասնյակից անցնող սիմֆոնիաների, լարային, դաշնամուրային կվարտետների, սոնատների ու վոկալ շարքերի, նաև բազմաթիվ այլ ստեղծագործությունների, որոնք հնչել են աշխարհի ավելի քան 35 երկրներում:

Ի դեպ, առաջին լուրջ ստեղծագործությունը Վահրամ Բաբայանը գրել 6 տարեկան հասակում, իսկ 9 տարեկանում էլ գրել է սիմֆոնիա լարային գործիքների համար: Այսօր «Ազատության» հետ զրույցի ընթացքում, 72-ամյա կոմպոզիտորը նշեց, որ տարիներ շարունակ ստեղծագործելիս ինքնամեկուսանալը բնական երևույթ է եղել, բայց այսօր՝ համավարակով պայմանավորված ինքնամեկուսացումը բոլորովին այլ զգացողություններ է առաջացնում:

«Այս վիճակն, իհարկե, բոլորին ճնշող դրություն է՝ ընկճող, բավականին անորոշ շարունակությամբ հոգեբանորեն էլ և ֆիզիկապես էլ, ինչու չէ: Ես այս վիճակին սովոր եմ եղել շատ ժամանակներ ոչ թե հիվանդությունների հետ կապված, այլ որ օրերով տնից դուրս չեմ եկել, բառիս բուն իմաստով, ստեղծագործական խնդիրներով զբաղված, ծանրաբեռնված, երկար տարիներ: Սա ուրիշ է, ես գիտեի, որ երբ ուզենամ, դուրս կգամ, հոգեբանորեն հիմա, որ կաշկանդված ես, մի տեսակ ոնց որ բանտարկյալի դերում լինես: Ստեղծագործական ծրագրերս, իհարկե, կան, մի տեսակ միշտ հեշտ է եղել կենտրոնանալ, բայց հիմա մի փոքր մտքերս հաճախ են ցրվում», - ասաց կոմպոզիտորը:

«Գրում եմ, արխիվս եմ կարգի բերում, որովհետև իմ ստեղծագործությունների քանակը շատ մեծ է, և ահագին ձեռագրեր կան, որ պետք է կարգի բերվի», - նշեց Վահրամ Բաբայանը: