Հայաստանն այսօր նշում է Եռատոնը

Հայաստանն այսօր նշում է Եռատոնը, և այս առթիվ Երևանում անցկացվեց օդային շքերթ՝ հայկական օդուժի շարքերը վերջերս համալրած Су-30 СМ կործանիչների մասնակցությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առավոտյան մեկնել են Արցախ և նախագահ Բակո Սահակյանի և նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ մասնակցել են Հաղթանակի օրվա կապակցությամբ Ստեփանակերտում ու Շուշիում կազմակերպված միջոցառումներին։

«Չնայած կորոնավիրուսի այս համաճարակին, Արցախը և Ստեփանակերտը գտա բարձր տոնական տրամադրությամբ», - Բակո Սահակյանի հետ հանդիպմանը նշել է Փաշինյանը։

«Մեր միասնական և ազգային խնդիրն այն է, որ ամեն մայիսի 9-ը Արցախում, Հայաստանում և ընդհանրապես հայության շրջանում լինի առավել տոնական, ապագային մեր հայացքը լինի առավել լավատեսական, այսօրվա մեջ լինենք առավել վստահ, և ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի», - ասել է նա:

Հայաստանի վարչապետն այսօր հանդես է եկել ուղերձով՝ շնորհավորել է ֆաշիզմի դեմ հաղթանակի 75-րդ տարեդարձի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ և ընդգծել է, որ «հայ ժողովուրդը նշանակալից դերակատարում ունեցավ ֆաշիզմի արհավիրքից եվրոպական ժողովուրդներին ազատելու գործում», և որ «Շուշիի ազատագրումն ազդարարեց Արցախի ազատագրման սկիզբը, Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը սակարկության առարկա չեն, դրանք բացարձակ արժեքներ են մեզ համար»:

«Մենք ամբողջությամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը: Եվ հիմա, առավել քան ուրիշ որևէ մեկը, քաջ գիտակցում ենք խաղաղության արժեքը: Մեր ինքնությունը լավագույնս արտահայտվում է խաղաղության պայմաններում, ստեղծագործ և կենարար աշխատանքի միջոցով: Միևնույն ժամանակ, իմանալով խաղաղության գինը, մենք միշտ պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել այն և հարկ եղած դեպքում վերստին մարտնչել մեր ազատության և արժանապատվության համար», - նշել է վարչապետը։

Առավոտյան Երևանի «Հաղթանակ» զբոսայգի էին այցելել նախագահ Արմեն Սարգսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ բարձրաստիճան պաշտոնյաների, հոգևորականների ու վետերանների ուղեկցությամբ՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին:

Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա ուղերձում նշված է. «Հաղթանակը տարիք չունի և երբեք չի ծերանում: 1992 թվականի այս օրը հայ ժողովրդի համախմբված ջանքերով ազատագրվեց Շուշին: 75 տարի առաջ այս օրը Խորհրդային Միության ժողովուրդները միասնական հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում»։

Համավարակի պատճառով Հայաստանում ու Արցախում զանգվածային միջոցառումներ չեն անցկացվում, միայն՝ պաշտոնական։

Հայաստանի վետերանների միավորման նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանի խոսքով, Երկրորդ աշխարհամարտին մասնակից վետերանների պատվո վճարները կառավարությունը անցած տարվա օգոստոսի 1-ից կրկնապատկեց՝ հասցնելով ամսական 100 հազար դրամի, որը տրվում է կենսաթոշակից բացի։ Մոտ տասն օր առաջ էլ կառավարությունը հաստատեց նրանց միանգամյա պարգևավճար տրամադրելու որոշումը, շուրջ 280 վետերան կստանա 300 հազարական դրամ։

«Մեզ համար շատ թանկ է այս հաղթանակը, որովհետև եթե չլիներ այս հաղթանակը, ապա Թուրքիայում 26 դիվիզիա, որոնք պայմանագիր ունեին Գերմանիայի հետ, սպասում էին Ստալինգրադի անկմանը, Ստալինգրադի անկումից հետո այդ 26 դիվիզիան պետք է մտներ Հայաստան և ավարտին հասցներ 15 թվականին կազմակերպված Եղեռնի շարունակությունը: Այնպես որ հայերիս համար դա մեծ նշանակություն ունի», - ասաց Եսայանը:

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ժորա Աֆրիկյանի փոխանցմամբ՝ հայ ժողովուրդը ապրելու իրավունքը նվաճել է մեծ արյամբ։

«Մենք պետք է ևս մեկ անգամ վերաիմաստավորենք և վերարժևորենք մեր հաղթանակները՝ թե՛ Շուշին, թե՛ մեր Պաշտպանության բանակի կազմավորումը և թե՛ Հայրենական մեծ պատերազմում ունեցած հաղթանակները: Ինձ համար Եռատոնն այնքան նշանակություն ունի, որքան հայ ժողովրդի ունեցած ցանկացած հաղթանակ, քանի որ մենք այդ հաղթանակները հեշտությամբ չենք նվաճել», - նշեց Աֆրիկյանը: