ԱՄՆ տնտեսությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ռեկորդային` 20,5 միլիոն աշխատատեղ է կորցրել ապրիլին. սա գործազրկության ամենամեծ ցուցանիշն է անցած 90 տարում` Մեծ դեպրեսիայից ի վեր:
Նախօրեին Սոցիալական հարցերով նախարարությունը հաղորդել էր, որ գործազրկության մակարդակը հասել է 14,7 տոկոսի, Սպիտակ տան տնտեսական խորհրդատու Քեյվին Հեսսեթն իր հերթին կանխատեսել էր, որ այս ամիս այդ ցուցանիշը կարող է հասնել 20 տոկոսի:
Աննախադեպ անկումը ստիպում է նահանգապետերին արագացնել տնտեսության վերագործարկման ծրագրերը: Կալիֆորնիան, որն առաջինն էր կարանտին հայտարարել մարտի 19-ին, արդեն սկսել է աստիճանաբար վերացնել սահմանափակումները. երեկվանից հագուստի, մարզական պարագաների ու գրենական պիտույքների խանութները սկսել են օնլայն վաճառքը, սպառողները կարող են ապրանքը պատվիրել և տեղում վերցնել, կամ` ստանալ տանը: Թույլատրվել է նաև այն գործարանների ու ձեռնարկությունների աշխատանքը, որոնք կարող են ապահովել սանիտարահիգիենիկ նորմերն ու սոցիալական հեռավորության կանոնները: