Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Մայիսի 9-ի առիթով Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին։
Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներ։
Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի բոլոր քաղաքացիներին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։
Մեր ժողովուրդները սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, ովքեր ճակատում իրենց դրսևորած խիզախությամբ և թիկունքում կատարած անձնուրաց աշխատանքով օգնեցին հաղթանակ տոնել նացիզմի դեմ, պաշտպանել խաղաղությունը ապագա սերունդների համար:
Համոզված եմ, որ ռազմական տարիների դժվարին փորձությունների ժամանակաշրջանում կոփված բարեկամությունը կշարունակի ծառայել որպես հուսալի հիմք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, բազմաշերտ գործընկերային փոխգործակցության ամրապնդման համար, կօգնի համատեղ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի համաճարակին:
Խնդրում եմ Հայաստանի Հանրապետությունում բնակվող բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել քաջառողջության, երջանկության, բարեկեցության և երկար տարիների կյանքի անկեղծ բարեմաղթանքներս»: