«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը Ազգային ժողովում այսօր առավոտյան տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապված խոսել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: «Ազատության» հետ զրույցում Իոաննիսյանը հայտնեց, որ հորդորել է Մարուքյանին դիմել իրավապահներին. - «Որովհետև քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` ծեծի հոդվածով քրեական գործ կարող է հարուցվել միայն տուժողի բողոքի հիման վրա: Եվ քանի որ, ըստ էության, նորմալ քաղաքական գնահատական չի լինելու այս դեպքերի մասով, ես հուսով եմ, որ գոնե քրեական գործով իրավական գնահատական կլինի»,- նշեց նա:
Տեղի ունեցածը Իոաննիսյանը համարում է որոշակի առումով Ազգային ժողովի անփորձության դրսևորում, որովհետև, ինչպես ասում է, փորձառու քաղաքական գործիչները միշտ հնարավորություն կգտնեն խոսքերով ապացուցել իրենց ճշմարտացիությունը և ոչ թե բռունցքներով:
«Ինչ վերաբերում է Փաշինյանի գնահատականներին, ապա պետք է ասեմ, որ անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում «Լուսավոր Հայաստան» խմբակցության այս կամ այն քվեարկությանը, նախաձեռնությանը կամ դիրքորոշմանը, ամեն դեպքում հանրությանը ասելիքը պետք է ասել խոսքերով և ոչ թե վիրավորանքներով, ոչ թե բռունցքներով, և առավել ևս չի էլ կարելի արդարացնել վիրավորանքներն ու բռունցքները` ասելով, որ «Լուսավոր Հայաստանը» «քոչարյանա-սերժական բանդայի» ներկայացուցիչ է»:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, որը դադարեց նրանց գործընկերների միջամտությունից հետո: