Խորհրդարանի դահլիճն այսօր վերածվել էր մարտադաշտի։ Կռվի էին բռնվել ընդդիմադիր և իշխանական պատգամավորները։
Ամեն ինչ սկսվեց ընդդիմության հասցեին իմքայլական Բաբկեն Թունյանի քննադատական ելույթից, որին ամբիոնից փորձեց արձագանքել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Տեղից միջամտեց իմքայլական Սասուն Միքայելյանը, ինչը դուր չեկավ Մարուքյանին։ Խոսքից պատգամավորներն անցան գործի, և ծեծկռտուքը սկսվեց:
«Պարոն Միքայելյան, հոպար չեմ Ձեզ համար, մարդուն ասեք հոպար, ես Ձեզ համար հոպար չեմ...ի՞նչը կցխես, ի՞նչ»,- ասաց Մարուքյանը:
Ծեծկռտուքից հետո ելույթում Մարուքյանն ասաց.- «Էն ո՞վ եկավ, մեջքիս թաքուն խփեց: Ա, իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ շմայսություն անես է, հանգիստ քեզ պահի վապշե, հերիք ա, չի լինելու էս մշակույթը ստեղ, գալիս, մեջքիս խփո՞ւմ եք, արա»:
«Էս շենքում ընդհանրապես անվտանգության աշխատակիցներ կա՞ն, ուրեմն անվտանգության աշխատակիցներն անմիջապես մտնեն ներս և հարթեն այս իրավիճակը»,- նշում էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Քանի որ իրավիճակն անկառավարելի էր, Ազգային ժողովի նիստն ընդհատվեց մի քանի ժամով։
Հետո, երբ արդեն պատգամավորները վերադարձան նիստերի դահլիճ, ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ լքում են խորհրդարանի դահլիճը, իսկ իշխանությունից ակնկալում են քաղաքական գնահատական, ինչպես նաև քաղաքական հետևանք.- «Ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակած արժեքները, և ես կարծում եմ, որ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել: Եթե կասեք` 96 թվին էլ են պատգամավորին խփել, չգիտեմ 2002-ին, ինչքան հիշում եմ, խմբակցության ղեկավարին դեռ չեն հետևից, կողքից խփել: Ուղղակի քաղաքական գնահատականը որևէ բան չի կարող փոխել, միջադեպը պիտի ունենա հետևանքներ, քաղաքական հետևանքներ: Եվ այն, ինչ որ տեղի է ունեցել, մեծ հաշվով մեր պրոբլեմն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է: Եվ մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը, և ապագայում մենք` կապված քաղաքական գնահատականներից և հետևանքներից, կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք` ապագայում ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»:
Տեղի ունեցածին, ինչպես նաև Էդմոն Մարուքյանին բավական կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, ի դեպ, ծեծկռտուքի պահին դահլիճում էր, քանի որ այսօր պետք է հանդես գար Կառավարության 2019-ի գործունեության վերաբերյալ եզրափակիչ ելույթով։
Փաշինյանը շեշտեց՝ տեղի ունեցածը «քստմնելի սադրանք է», որի նպատական է խեղճացնել քաղաքական մեծամասնությանն ու քայքայել ժողովրդի վստահությունը իշխանության հանդեպ.- «Այս ամեն ինչը կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հետ, այս ամեն ինչը կապ ունի բազմապիսի և բազմաթիվ քրեական գործերի հետ, որովհետև երբ այդ գողացված միջոցները վերադարձնեն, բա որտեղի՞ց են իրենց թուլափայը ստանալու թուլափայ ստացողները:
Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ինձ հրավիրել է սուրճ խմելու, և ես ընդունել եմ հրավերը, ես ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում, և ես ուղիղ ասել եմ, որ այո, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր` կասկածելու, որ Դուք և Ձեր գործունեությունը` այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները և ի վերջո ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժանելի մասն է:
Եվ այո, այսօր Հայաստանում հայտարարված է բացարձակ իրավիճակ, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ, ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից:
Սա է ճշմարտությունը, և այո, ես դատապարտում եմ մեզ, դատապարտում եմ ինձ և այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո»,- ընդգծեց վարչապետը:
«Լուսավոր Հայաստան» խմբակացության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեռևս չի արձագանքել իր հասեցին հնչեցված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։ «Ազատության» հետ զրույցում Մարուքյանն ասաց, որ առաջիկայում կխոսի։
Ինչ վերաբերում է ծեծկռտուքին մասնակցած իշխող խմբակցության պատգամավորների մանդատները վայր դնելու հարցին, ապա «Իմ քայլից» պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե ավելի վաղ ունեցած իրենց քննարկումներում որևիցե մեկի մանդատը վայր դնելու կամ որևէ մեկին նկատողություն տալու հետ կապված միտք չի արտահայտվել.- «Չի քննարկվել, ես դեմ եմ, որ որևիցե մեկի մանդատը վայր դնելու հետ կապված հարց քննարկվի»:
Ի դեպ, ծեծկռտուքին մասնակցած իմքայլական պատգամավորները չէին ընդունում, որ իրենք հարվածել են Էդմոն Մարուքյանին: Վահե Ղալումյանն «Ազատության» հետ զրույցում, օրինակ, ասաց, որ Մարուքյանին չի խփել, պարզապես «գլխից է քաշել», իսկ իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ ընդամենը ասաց, թե միանում է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ներողության խոսքերին` այդպես էլ չհերքելով, որ հարվածել է:
«Ես բռնության չեմ դիմել, իմ գործողությունները միտված են եղել բռնությունը կանխելուն, միջադեպը կանխելուն»,- ասաց Ղալումյանը:
Դիտարկմանը, որ երևում է, թե ինչպես էր Էդմոն Մարուքյանի գլխին հետևից հարվածում, նա արձագանքեց.- «Չեմ հարվածում, գլխից քաշում եմ, որ Էդմոնը չհարվածի Սասունին»: Ապա հավելեց` չի ընդունում, որ բռնություն է կիրառել:
Արտակ Մանուկյանն էլ նշեց.- «Միանում եմ ինչպես վարչապետի դատապարտանքի խոսքերին, այնպես էլ տիկին Մակունցի»:
Հավելենք, որ այսօրվա միջադեպի գլխավոր դերակատարներից Սասուն Միքայելյանը հրաժարվեց անդրադառանալ տեղի ունեցածին, ասաց` հարցազրույց չի տալիս.- «Հարցազրույց չեմ տալիս, ձեզ շատ սիրում, հարգում եմ»: