Սա անձամբ իմ և մեր ամենամեծ պարտությունն էր հեղափոխությունից հետո. Փաշինյանը` ծեծկռտուքի մասին

Այսօր առավոտյան Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խմբակցության հետ քիչ առաջ լքեցին նիստերը դահլիճը` հայտարարելով, որ սպասում են իշխող ուժի կողմից քաղաքական գնահատական, և որ տեղի ունեցած ծեծկռտուքը քաղաքական հետևանք պետք է ունենա: Ըստ Մարուքյանի` դրանից հետո իրենք կորոշեն վերադառնալ խորհրդարան, թե ոչ և ընդհանրապես ինչպես շարունակել իրենց աշխատանքն այս խորհրդարանում:

«Այն, ինչ որ տեղի էր ունեցել, մեծ հաշվով մեր պրոբլեմն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է: Եվ մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը, և ապագայում մենք` կապված քաղաքական գնահատականներից և հետևանքներից, կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք` ապագայում ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»,- հայտարարեց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ծեծկռտուք էր տեղի ունեցել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխող իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Այդ ամենը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Էդմոն Մարուքյանը փորձում էր արձագանքել «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթին: Տեղից միջամտեց Սասուն Միքայելյանը, որին հետևեց արդեն հայտնի ծեծկռտուքը:

Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական սուր արձագանքեց տեղի ունեցածին: Նախ ասաց, որ դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, բայց ընդգծեց, որ արդեն 2 տարի է` հեղափոխական թիմը շարունակաբար ենթարկվում է և՛ բարոյական, և՛ հոգեբանական բռնությունների: Նա նշեց, որ այս ամենը որակում է մեկ բառով.- «Սադրանք, քստմնելի սադրանք»: Ընդգծեց, որ նաև դատապարտում է իր թիմի անդամներին նրա համար, որ նրանք տրվել են այդ սադրանքին:

Մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դատապարտում է բռնությունը, ամեն դեպքում ասաց, որ այդ տեսակ սադրանքների և ընդհանրապես իրենց դեմ սկսված պայքարի արդյունքում փորձ է արվում քայքայել ժողովրդի վստահությունն իշխանության հանդեպ:

«Խորհրդարանական մեծամասնության պատգամավորներին, իմ պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ, և այս ամենը ունի մեկ նպատակ` խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի և քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը»

Այո, երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ինձ հրավիրել է սուրճ խմելու, և ես ընդունել եմ հրավեր, ես ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում, և ես ուղիղ ասել եմ, որ այո, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր` կասկածելու, որ Դուք և Ձեր գործունեությունը` այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները և ի վերջո ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժանելի մասն եք: Եվ այսօր առավոտյան դիտելով տեղի ունեցածի տեսագրությունը` մի պարզ հարց եմ տալիս: Կներեք, որ այսպիսի մանրամասների մեջ եմ մտնում, բայց ստիպված եմ: Միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել այ այնտեղ, հարց` իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը այնտեղ կանգնած և երբ որ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում, քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: Կամ որտեղի՞ց վստահությունը, եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, եթե նույնիսկ շարժվել էր, որտեղի՞ց վստահությունը, որ նա ուղղակի, վրդովմունքն իր ձևով արտահայտելով, դուրս չէր գալու այս դահլիճից: Տեղի ունեցածն այլ կերպ, քան սադրանք, քստմնելի սադրանք ես չեմ կարող, կներեք, անվանել, մանավանդ այս տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո»,- իր ելույթում շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս հավելեց` դատապարտում է նաև այն, որ իրենք տրվում են սադրանքների. - «Ես ուզում եմ ուղիղ ասել, դատապարտում են նաև այն, որ մենք տրվում ենք սադրանքների, իմ եղբորը, իմ ընկերոջը ես դատապարտում եմ, որովհետև մենք իրավունք չունենք տրվել սադրանքների, որովհետև մեզ ամեն օր ուզում են շեղել մեր արժեքներից: Այս ամբիոնից էր այդ նույն մարդը ասում` մեզ պադեզդներում ծեծելո՞ւ եք: Նրանք մեզ ուզում են դարձնել իրենց պադեզդեներում ծեծողներ, մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների, մեզ հանել հավասարակշռությունից: Եվ այո, այսօր Հայաստանում հայտարարված է բացարձակ իրավիճակ, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ, ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից:

Սա է ճշմարտությունը, և դատապարտում եմ ինձ և այսօր տեղի ունեցածը համար եմ մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո, բայց սա որևէ մեկին թող հուսավառ չանի:

Այս ամեն ինչը կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ, բազմապիսի և բազմաթիվ քրեական գործերի հետ, որովհետև երբ այդ գողացված միջոցները վերադարձնեն, բա որտեղի՞ց են իրենց թուլափայը ստանալու թուլափայ ստացողները»,- ընդգծեց երկրի վարչապետը:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ազատությանը» հայտնեց, որ դատախազությունն ուսումնասիրում է տեղի ունեցած միջադեպի տեսանյութերը։