Այսօր խորհրդարանում ծեծկռտուք սկսվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, որը դադարեց նրանց գործընկերների միջամտությունից հետո:
Մարուքյանը ամբիոնից ելույթ էր ունենում՝ քննադատելով իշխող խմբակցության պատգամավորներին: Ի պատասխան՝ «Իմ քայլ»-ից ռեպլիկներ էին հնչում, իսկ Միքայելյանի արձագանքից հետո ընդդիմադիր խմբակցության ղեկավարն իջավ ամբիոնից, իշխող խմբակցության պատգամավորն էլ վեր կացավ տեղից, ու նրանց միջև քաշքշուկ սկսվեց:
Պատգամավորներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստին ներկա Կառավարության անդամներին հաջողվեց իրարից բաժանել կռվողներին, ինչից հետո Մարուքյանը վերադարձավ ամբիոնի մոտ՝ շարունակելու ելույթը, և հայտարարեց. - «Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսալու եմ: Մեկը էկավ, էն ո՞վ էկավ՝ թաքուն մեջքից խփեց, թաքուն մեջքիս խփեց»:
Միքայելյանը շարունակում էր տեղից ձեռքը պարզելով բուռն արձագանքել ընդդիմադիր պատգամավորի խոսքերին, ինչին «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդն այսպես պատասխանեց. - «Արա իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստե շմայսություն անես, է, հանգիստ քեզ պահի վաբշե, հանգիստ քեզ պահի: Հերիք ա, չի լինելու էս մշակույթը ստե: Հեղափոխություն ա էղել նաև էդ մշակույթի համար: Հերիք ու բոլ էղավ: Ձև չկա: Գալիս մեջքից խփում ե՞ք արա»:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդհատեց նիստը, հայտարարեց ընդմիջում: