ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնական Քնարիկ Հարությունյանը, ում մոտ կորոնավիրուս էր հաստատվել, այս պահին գտնվում է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում: Երեկ է Երևանից տեղափոխվել: «Բուժման ընթացքը հենց այստեղ պիտի անցնեմ: Այս պահին ինքնազգացողությունս լավ է, չեմ ջերմում: Այսօր ջերմություն չեմ ունեցել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց նա` հավելելով, որ նախքան այդ ջերմություն ունեցել է` 38.5 աստիճան, ապա ջերմությունն սկսել է նահանջել, և այսօր համեմատաբար ավելի լավ է զգում:
«Ազատություն».- Ո՞ր օրը Ձեր ինքնազգացողությունը վատացավ, կհիշե՞ք:
Քնարիկ Հարությունյան.- Սկսել եմ ջերմել մայիսի 2-ին, ուղղակի մոտավորապես 37.2 ջերմություն ունեի, բայց ինքնազգացողությունս լավ էր, պարզապես արտահայտվել է միայն ջերմությամբ: Հաջորդ օրը, բնականաբար, շատ ավելի բարձրացավ, ու արդեն ես կասկածներ ունեի, որ հնարավոր է` ես վարակված եմ: Ապրիլի 28-ին և 29-ին շփվել եմ մեկ մարդու հետ, ում գործընկերոջ մոտ արդեն հաստատվել էր կորոնավիրուս, և այդպես շղթան սկսվել էր: Զանգահարել եմ շտապօգնություն, ներկայացրել եմ իրավիճակը ու ասել եմ, որ կասկածում եմ, որ ես կոնտակտավոր անձի հետ եմ շփվել ու շտապօգնությունը մոտավորապես 10 րոպե հետո երևի թե եկավ, ու ինձ տեղափոխեցին «Նորքի» ինֆեկցիան հիվանդանոց Երևան: Գիշերը մոտավորապես ժամը 1-ն էր, թեստավորման նմուշառում է կատարվել:
«Ազատություն».- Այսինքն` կիրակի՞ է կատարվել:
Քնարիկ Հարությունյան.- Այո, այո, գիշերը ժամը 1-ն էր: Նմուշառումը կատարվել է, հետո արդեն ինձ տեղափոխել են հիվանդասենյակ, հիվանդասենյակում ես եղել եմ մենակ և արդեն սպասել եմ թեստիս պատասխանին: Երբ եղավ դրական, արդեն որոշում կայացվեց, որ ինձ պիտի տեղափոխեն Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց:
Ի ուրախություն ինձ` ինձ մոտ այդպես արտահայտված կլինիկական պատկեր չկա, ես համեմատաբար թեթև եմ տանում հիվանդությունը: Որոշակի փոփոխություն կա թոքերում, բայց թոքաբորբ չէ, շատ թեթև հազ ունեմ, բայց համի, հոտի զգացողությունը չեմ կորցրել, չգիտեմ` հետո ինչ կլինի, բայց այս պահին զգում եմ և՛ համ, և՛ հոտ:
«Ազատություն».- Մասնակցե՞լ եք որոշակի աշխատանքների ապրիլի 28-ի, 29-ի Ձեր շփումներից հետո, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին եք, ինչքան հասկացա, ներկա եղել:
Քնարիկ Հարությունյան.- Այո, և՛ 28-ին, և՛ 29-ին, և՛ նաև ամսի 30-ին սովորականի նման գնացել եմ աշխատանքի, որովհետև այդ ընթացքում ոչ մի գանգատ կամ նշան հիվանդության չեմ ունեցել: Ինչպես գիտեք, Ազգային ժողովում պարտադիր մենք ջերմաչափվում ենք, և ինձ մոտ ամեն ինչ կարգին է եղել: Ես հինգշաբթի օրը գնացել եմ սովորականի նման աշխատանքի, այդ օրը Պետաիրավական հանձնաժողովում մենք նիստ ունեինք, շատ կարճ ժամանակահատվածով եմ մտել նիստերի սենյակ, ստացել եմ հանձնարարական իմ պատգամավորի` տիկին Բաղդասարյանի կողմից և դուրս եմ եկել:
«Ազատություն».- Տիկին Բաղդասարյանի հետ Դուք նույն սենյակում ե՞ք նստում:
Քնարիկ Հարությունյան.- Այո, մենք նույն սենյակում ենք նստում:
«Ազատություն».- Այսինքն` դուք 3 օր նույն սենյակում անցկացրել եք:
Քնարիկ Հարությունյան.- Այո:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը «Ազատությանը» հայտնեց, որ անմիջապես իրականացրել են ախտահանիչ աշխատանքներ, ամբողջապես վարակազերծել են Ազգային ժողովը.- «Գումարած նրան, այն պատգամավորները և աշխատակիցները, ովքեր շփում են ունեցել արդեն հաստատված դրական արդյունքով աշխատակցի հետ, անմիջապես իրականացրել ենք ՊՇՌ թեստավորում, որը ավելի հավաստի է իր արդյունքներով, և ունեմ ուրախալի լուր, ստացել ենք տեղեկատվություն դեռևս երեկ երեկոյան, որ որևէ մեկի մոտ հաստատված դրական արդյունք չի եղել»:
Նրա խոսքով` պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մոտ ևս վիրուսը չի հաստատվել:
«Ընդհանուր առմամբ թեստավորել ենք 8 հոգի, նրանք, ովքեր այդ օրերի ընթացքում շփվել են կոնկրետ այդ աշխատակցի հետ, իրենք արդեն ունեն բացասական արդյունք, նաև մտածում ենք հանձնաժողովի և կից այն ստորաբաժանումների աշխատակիցները, որոնք շփվել են անուղղակի, նաև նրանց թեստավորում իրականացնել»,- ասաց Տիգրան Գալստյանը` հավելելով, որ այս դեպքումը մոտ 12-14 հոգի կթեստավորվի:
Ի դեպ, Գալստյանը տեղեկացրեց նաև, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը չի թեստավորվել.- «Չի անցել, անմիջական կոնտակտավոր չի, երկրորդ կամ երրորդ շրջանում էլ կոնտակտավորների չի եղել, ուղղակի անիմաստ է»: