Համավարակի պատճառով արտակարգ դրության այս ժամանակահատվածում արվեստի տարբեր ոլորտների
ներկայացուցիչներ (այդ թվում և կատարողական արվեստի) հանդես էին գալիս առցանց զանազան հարթակներում՝ այսպիսով լրացնելով այն բացը, որն առաջացել է բոլորիս քաջ հայտնի պատճառներով:
Բայց չէ՞ որ կատարողական արվեստը կարիք ունի նաև տարիների քրտնաջան, ստեղծագործական
աշխատանքի շնորհիվ ձեռք բերած մասնագիտական որակի և հմտությունների պահպանման, ինչը բավական բարդ խնդիր է արտակարգ դրության պայմաններում, հատկապես մեծ կոլեկտիվներից բաղկացած նվագախմբերի, երգչախմբերի ու պարախմբերի, թատերախմբերի համար։
Եվ ահա կատարողական արվեստին առնչվող այս և այլ հարցեր քննարկելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտությանը տանը երեկ հանդիպում է անցկացրել թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ՝ սահմանափակումների այս պայմաններում թատերահամերգային կազմակերպությունների գործունեության համար որոշակի լուծումներ գտնելու ակնկալիքով:
«Ազատության» հետ զրույցում Խզմալյանը փոխանցեց․ - «Համավարակի տարածումը վտանգավոր է ոչ միայն ֆիզիկական իմաստով, այլ նաև մասնագիտական առումով։ Առավել ևս՝ ժամանակակից արվեստի ոլորտում, կատարողական արվեստների ոլորտում, որովհետև կատարողական արվեստները պահանջում են մարզական պատրաստվածություն։ Եվ ըստ էության արդեն երկու ամիս, ավելի մեր ստեղծագործական խմբերը հարկադիր պարապուրդի մեջ են գտնվում։ Սա առայժմ սուր խնդիր չէ, բայց եթե իրավիճակը երկարաձգվել ևս մեկ ամիս, երկու ամիս, սա կարող է շատ անկանխատեսելի հետևանքներ ունենալ մեր ստեղծագործական կոլեկտիվների որակի, մասնագիտական մակարդակի վրա։ Պետք է լինել լավատես, բաց սցենարները գծել հոռետեսական զարգացումների նկատառումով։ Խնդիրը անգամ ոչ այնքան ներկայացումների և համերգների կազմակերպումն է, թեպետ այդ հարցն էլ քննարկեցինք՝ ինչպես կարող են բացօթյա միջավայրերում, առցանց տարբերակով կազմակերպել դրանք։ Բայց մեր խնդիրը առավելապես փորձերի հնարավոր վերսկսումն է այս կամ այն ձևաչափով։ Ես նույնիսկ մեր դեսպաններին խնդրել եմ, և ինձ ուղարկել են տեղեկատվություն, թե եվրոպական բոլոր երկրներում ինչպես են վարվում այս դեպքում։ Օրինակ, Ավստրիայում կա որոշում հունիսի 1-ից մինչև 10 հոգանոց խմբերով թատերահամերգային կազմակերպությունները վերսկսում են իրենց փորձերը։ Մենք դեռ էդ տեղեկատվությունը չունենալով՝ հենց մեր հանդիպման ժամանակ արդեն իսկ քննարկում էին 8-10 հոգանոց խմբերով փորձերի վերսկսման հնարավորությունը։ Ասեմ ավելին՝ նույնիսկ քննարկում էին, թե որտեղ է հնարավոր իրականացնել այդ փորձերը։ մեր կառույցները ունեն հարակից բացօթյա տարածքներ, փակ մուտքերով, բայց բացօթյա տարածքներ, որոնք կարող են ծառայել այդ նպատակին։ Մենք ունենք կառույցներ, որոնք տանիքներում ունեն հրաշալի պայմաններ, և այդ միջավայրերի յուրացման խնդիրը ևս ունենք։ Կարծում եմ, որ կարող ենք օպտիմալ տարբերակը գտնել։ Բնականաբար, այս հարցերը անհրաժեշտ է քննարկել պարետատան հետ, Առողջապահության նախարարության մասնագետների հետ։ Այնպես որ, մենք օր առաջ պետք է սկսենք մտածել սրա մասին և քայլեր իրագործել, որովհետև հետագայում մենք կարող ենք ուղղակի աղետալի հետևանքներ ունենալ»։
Հարցին, թե ինչպես կարող են 10-20 հոգանոց փորձեր անել ավելի մեծ կոլեկտիվները, Խզմալյանն արձագանքեց․ - «Ամենամեծ իմ նպատակը հենց մասնագիտական կարծիք լսելն էր, թե ինչպես է հնարավոր մասնագիտական տեսակետից։ Լինելով ոլորտի մարդ՝ հասկանում էի, որ հնարավորություններ կան թե՛ նվախմբերի, թե՛ երգչախմբերի համար խմբակային փորձերը միանգամայն հնարավոր է կազմակերպել։ Պրոցեսը լիարժեք պատկերացնելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ։ Բայց եթե մենք հասկանանք, որ առավելագույնս անվտանգ առողջության համար պայմաններ կարող ենք ապահովել և շարունակել գոնե այդ փորձերն իրականացնենք, սա կլինի ոլորտի համար փրկություն։ Որովհետև կես տարի նվագախումբը չփորձի, կես տարի երգչախմբի երգիչները չերգեն, թատերախմբի դերասանները չփորձեն, դա ուղղակի աղետ է՝ անկանխատեսելի հետևանքներով»։
Փոխնախարարն ասաց, որ դեռ վաղ է խոսել զանգվածային միջոցառումների, զանգվածային հավաքների մասին, առավել ևս՝ փակ տարածքներում․ - «Ես անընդհատ փորձում էի իմ գործընկերները ուշադրությունը հրավիրել ոչ այնքան վերջնական գեղարվեստական արդյունքի վրա՝ համերգների, ներկայացումների, որքան աշխատանքային պրոցեսի վրա։ Եթե մենք հիմա չպահպանենք այս կամ այն չափով մասնագիտական որակը, մյուս տարի կարող ենք շատ երկար ժամանակ չխոսել գեղարվեստական արդյունք ունենալու մասին»։