«Նախագահի ու վարչապետի միջև որևէ գործարք ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շուրջ չկա»

Որևէ գործարք հանրապետության նախագահի և վարչապետի միջև չկա և չի կարող լինել, ի պատասխան այն տեղեկատվության, թե իբր ինչ-որ գործարք-պայմանավորվածություն կա նրանց միջև Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շուրջ, հայտարարել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Որևէ գործարք չկա և չի կարող լինել: Ամբողջ այդ ապատեղեկատվությունը պետք է դիտարկել հերթական անհեթեթությունների շարքում, որոնք պարբերաբար տարածվում են որոշ շրջանակների կողմից: Մարդիկ կամ մարդկային խմբեր, որոնք մասնագիտացել են անլրջության հասնող դավադրությունների տեսությունների մեջ, փորձում են կայանալ որպես կոնսպիրացիաների «մեծ» մոգեր»,- նշված է հայտարարության մեջ:

Նախագահի աշխատակազմը հիշեցրել է, որ Արմեն Սարգսյանը մեկ անգամ չէ, որ տարբեր, այդ թվում՝ միջազգային հանրահայտ հարթակներում անդրադարձել է բնապահպանական խնդիրների կարևորությանն, «ինչը վերոհիշյալ մարդիկ տարբեր պատճառներով ի վիճակի չեն հասկանալ»:

«Իբրև հետևանք՝ նրանց մեջ շարունակաբար ծնվում են տարաբնույթ անհեթեթություններ:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այն գտնվում է նախագահի աշխատակազմում: Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրում են օրենքն, իրականացնում իրավական և այլ մասնագիտական փորձաքննություն՝ հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով: Սահմանադրության համաձայն՝ նախագահը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի սահմանված ժամկետում»: