Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։
Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու մեջ։
Քրեական գործը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, հարուցվել է դեռևս մարտին։
Երրորդ նախագահի փեսան չի ընդունում մեղադրանքը։
Դատարանի այսօրվա որոշմանը Ֆեյսբուքում նրա պաշտպան Միհրան Պողոսյանն է անդրադրաձել։ Փաստաբանի ներկայացմամբ, դրանում որևէ անդրադարձ չկա դատական նիստերի ընթացքում պաշտպանների բարձրաձայնած բազմաթիվ առարկություններին․ - «Հիշեցնեմ, որ մեկ տարի առաջ նույն Արտուշ Գաբրիելյանը բավարարեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական հիմնարկի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Արտուշ Գաբրիելյանին անդրադառնալն անիմաստ է։ Նա այն անձն է, ում վերաբերյալ կարծիքները համընկնում են փաստաբանական և իրավապահ համայնքի գրեթե բոլոր ներկայացուցիչների մոտ»։
Իսկ թե ինչո՞ւ է Միքայել Մինասյանը թաքնվում հայաստանյան իրավապահններից, ինքը՝ նախկին պաշտոնյան երեկ հրապարակած տեսանյութում պնդում է, թե Հայաստանում չկա արդարադատություն, և վարչապետն իրեն արդեն վաղուց մեղավոր է ճանաչել․ - «Այն մարդիկ, որոնք կատարում են իր ուղիղ հանձնարարականները, պատրաստված են ինձ կալանավորելու, ինձ ձերբակալելու, ինձ փակելու՝ առանց տալու ինձ հնարավորություն խոսելու նույնիսկ»։
Օրեր առաջ հրապարակված նախորդ տեսանյութում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան պնդել էր, թե Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած ժամանակ հանդիպում է ունեցել իր հետ, որպես Նիկոլ Փաշինյանի սուրհանդակ։
Ըստ Մինասյանի, Փաշինյանը Վանեցյանի միջոցով առաջարկել է իրեն սիմվոլիկ գումարի վճարել պետությությանը, դուրս գալ քաղաքական դաշտից ու որոշ ժամանակ Հայաստան չվերադառնալ։ Բացի այդ, իր հետ առնչվող անհատներին հրահանգել, որ դադարեն Փաշինյանի դեմ պայքարել։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ Միքայել Մինասյանն իր վերջին հայտարարություններով փաստացի ընդունում է, որ պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետության հանդեպ․ - «Որովհետև անտրամաբանական է։ Եթե, օրինակ, մեզանից որևիցե մեկին մոտենա որևիցե իրավապահ համակարգի ներկայացուցիչ և ասի, որ դու պետք է գումար մուծես, առաջին իսկ պատասխանը այն է՝ իսկ ինչի՞ համար ես պետք է մուծեմ։ Ամենակարևոր արձանագրումը, որ արել եմ, դա է եղել, իսկ մնացածին, ներողություն եմ խնդրում, ինչպես համացանցը ընդհանուր առմամբ, ես էլ այդքան լուրջ չեմ մոտենում»։
ԱԺ փոխնախագահը համոզված է, որ Մինասյանի հայտարություններով իրավապահ մարմիններն արդեն զբաղվում են։ Նա կանխատեսում է, որ շուտով շատ հարցերի վերաբերյալ հանգամանալից պատասխաններ կլինեն․ - «Թավիշը՝ վատ իմաստով, որ փորձում է ներկայացվել, այնուամենայնիվ, այդ իմաստով ավարտված է։ Եվ այդ քայլերը և այսօրվա ակտիվացումը, ես կասեի՝ գարնանային սրացումները դրա վառ ապացույցներն են»։
Միքայել Մինասյանի՝ մայիսի 3-ին հրապարակած տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Հարցին, թե արդյոք դրանց հիման վրա քրեական գործ հարուցվել է, ՀՔԾ-ից հայտենում են, որ դեռ նոր են ստացել նյութերը։
Մինասյանի մասնակցությամբ տեսանյութերին այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ է հպանցիկ անդրադարձավ․ - «Ես առաջարկում եմ Միքայել Մինասյանին շատ հաճախակի նմանատիպ տեսագրություններով հանդես գալ։ Ես համոզված եմ, որ այդ տեսագրություններից մենք նույնպես որոշակի տեղեկատվություն ենք ստանում»։