Արդարադատության նախարարությունը հերքում է ԼՀԿ պատգամավորի պնդումները

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյան, արխիվ

Երեկ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի արած պնդումները չեն համապատասխանում իրականությանը, այսօր հայտարարում է Արդարադատության նախարարությունը:

«Առնվազն բաց աղբյուրներից օգտվելով՝ տիկին Սամսոնյանը կարող էր Ազգային ժողովի պատասխանատու ամբիոնն օգտագործելով՝ չներկայացնել չճշտված տեղեկություն՝ պնդելով, թե Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներից ներկայում միայն երկուսում է ներդրված սննդի մատակարարման նոր համակարգը, այն դեպքում, երբ արդեն ինը ՔԿՀ-ներում սննդի մատակարարման գործառույթը պատվիրակված է բաց մրցույթով հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը, որի տրամադրած սննդի բարձր որակի և բազմազանության մասին բազմիցս բարձրաձայնել են թե՛ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձինք, թե՛ նրանց հարազատները, թե՛ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, և թե՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները», - ասված է հաղորդագրությունում:

Նախօրեին խորհրդարանում անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ քրեակատարողական հիմնարկներ հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման արգելքին, Սամսոնյանը մասնավորապես հայտարարել էր. - «Ինձ մոտ տպավորություն է, որ արդարադատության նախարարը խթանում է քրեակատարողական հիմնարկների հարևանությամբ գտնվող խանութների առևտուրը: Եթե դա այդպես չէ, ուրեմն պետք է վերանայեք այդ արգելանքը և հանեք հանձնուքներ ընդունելու արգելանքը»:

Այս «ենթադրությունը» ևս, ըստ Արդարադատության նախարարության, «իրականության հետ որևէ աղերս չունի»: «Ազատությունից զրկված անձանց մերձավոր ազգականների կողմից հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ հիմնարկ բերելն արգելելը բխում է բացառապես ազատությունից զրկված անձանց և նրանց մերձավոր ազգականների առողջության պահպանման անհրաժեշտությունից: Պետք է նկատի ունենալ, որ խնդիրը լոկ հանձնուքն ընդունելը չէ, այլ նաև այն, որ պետք է առավելագույնս նվազեցվեն հիմնարկ վարակի ներթափանցման հնարավոր դեպքերը: Հիմնարկ մուտք ունեցող անձանց շրջանակի ընդլայնումը կարող է բարձրացնել վարակման ռիսկը, ինչը Նախարարության համար ընդունելի չէ», - հայտարարում է գերատեսչությունը՝ մանրամասնելով. - «Հիմնարկներին կից գործող խանութներից առևտուր անելու դեպքում շաբաթական կտրվածքով, որպես կանոն, մեկ անգամ են ընդունվում հայտերը, հայտերն ընդունվելու դեպքում պահպանվում են սանիտարական բոլոր կանոնները, ընդունված հայտերի արդյունքում ձեռք բերված ապրանքները պահվում են առնվազն մեկ օր, ապա նոր միայն փոխանցվում հասցեատերերին, որպեսզի վարակի փոխանցման հավանականությունը հասցվի նվազագույնի»:

«Ի վերջո, եթե թույլատրվի հանձնուքի ընդունումը, ապա պետք է գիտակցել, որ այդ դեպքում հիմնարկներ կարող են այցելել շուրջ 2140 անձ (ընդ որում՝ դա այն դեպքում, երբ հանձնուքը հիմնարկ բերի միայն 1 անձ): Օբյեկտիվորեն հիմնարկ 2140 անձի մուտքը կարող է հանգեցնել վարակի ներթափանման ռիսկայության բարձրացմանը, որի դեպքում հետևանքներն աղետալի կլինեն», - ընդգծում է գերատեսչությունը: