«Ուրասարում բոլորն ուրանում են իրար»

Ստեփանավանի բնակավայր դարձած Ուրասարում բոլորն ուրանում են իրար, պնդում են երկու մասի բաժանված գյուղի բնակիչներն ու պահանջում հարցին լուծում տալ պետական մարմինների մակարդակով։

Արդեն մեկ շաբաթ ամեն օր գյուղ ոստիկաններ են այցելում իրար դեմ դուրս եկած երկու խմբերի տուժած բնակիչների հարցերով։ Ուրասարցիներից մեկն այս պահին Ստեփանավանի հիվանդանոցում է գլխի շրջանում ստացած վերքերով.- «Էլ արդեն ոչ մի բարեկամ, ոչ մի բան, ամեն ինչ ուրացած է էս գյուղում: Ես չգիտեմ` էստեղ էլ ինչ է կատարվում»:

«Քաղաքից են երիտասարդ կանչում, ինչի՞ համար...»,- ասում է մեկը, մյուսը հավելում.- «Մարդիկ ուրիշի երեխեքին հեռախոսով զանգին, այ տալով գյուղի ջահելությանը ռազբորկի կանչելով, դու տարիքով կնիկ ես, դու գիտե՞ս...»:

Երեք ամիս առաջ գյուղում բողոքի ակցիա էր տեղի ունեցել։ Հավաքվածները դժգոհում էին գործող վարչական ղեկավարից՝ 390 բնակիչ ունեցող Ուրասարին հատկացված տրակտորն ու գյուղի հողերն անարդյունավետ կառավարելու համար։ Ներկաների պահանջին արձագանքել էր Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, որ եկել ու վարչական ղեկավար դարձած նախկին գյուղապետին ազատել էր աշխատանքից, փոխարենը` նշանակել բողոքողների կողմնակից Արմեն Մանասյանին։ Կարծես թե կողմերը հաշտ ու խաղաղ բաժանվել էին.- «Այ մեր ուզածն էտա, որ չլինի ըտենց բան: Ինչն էլ պռապուսկատ է եղել, չենք էրել, չենք հասցրել, ներող կեղնեք»:

Մինչդեռ ընդամենը երեք ամիս անց նախկին ղեկավարի կողմնակիցներն են ոտքի ելել, թե նորանշանակ վարչական ղեկավարը տարիներով տնօրինած իրենց հողը ձեռքներից առնում է.- «Հա հողի կռիվ ա, մարդկանց երեխեքին զանգելով, այ տալով պաշտոնի կռիվ են սարքել, աթոռին տիրացել են»:

Արմեն Մանասյանը հակառակն է պնդում, թե ընդամենը փորձել է օլիգարխներին օրենքի դաշտ բերել։ Ասում է՝ տասնամյակներ շարունակ իշխանությունների հովանավորությունը վայելած Մեխակ Ամիրխանյանի ընտանիքը համայնքի սեփականություն հանդիսացած այգիները տարիներով օգտագործել է որպես արոտավայր։ Իրենց հարյուր գլուխ անասունը պահելու համար մեծ վնասներ են պատճառել Ուրասարին։

Մանասյանն ասում է՝ իր կարճատև ղեկավարման ամիսներին քայլեր է ձեռնարկել, որ համայնքի ենթակայության պտղատու այգին համայնքը տնօրինի.- «Այսինքն` ապօրինի հող օգտագործողները դուրս են եկել իմ դեմ, ընդամենը էտ կարող եմ ասել, հարկ եմ ուզում, ասում են` լավ եմ անում, չեմ վճարում»:

Ստեփանավանի համայնքապետն այս անգամ ևս բավարարել է գյուղացիների մի մասի պահանջն ու երեք ամսվա ղեկավարին էլ ազատել աշխատանքից։ Գյուղացիները նշում են, մինչդեռ, որ դրանով խնդիրը չի լուծվել։

Իրար դեմ թշնամացած գյուղացիները չեն հաշտվում։ Ոստիկանությունից «Ազատությանն» ասացին` նյութեր են նախապատրաստվում երկու օր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստերով։ Ստեփանավանի հիվանդանոցում բուժում ստացող Վարուժան Ասլանյանը մտավախություն ունի, թե այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու: